«Բարդ գործընթաց է լինելու, գլխավոր վտանգն այն է, որ Հայաստանին կարող են հերթական անգամ ճնշել ու որոշակի զիջումներ պարտադրել». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է Ադրբեջանի հինգ առաջարկություններին ի պատասխան Հայաստանի ներկայացրած վեց կետերը: Ձեր գնահատականը խնդրեմ դրանց վերաբերյալ:

– Առանց հրապարակելու էլ մոտավորապես պարզ էր այդ կետերի բովանդակությունը, ու պարզ էր, թե քանի որ Ադրբեջանի առաջարկների կամ սկզբունքների մեջ ոչ մի խոսք չկար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ ԼՂ-ին առնչվող որևէ հարցի մասին, հայկական կողմը պետք է իր առաջարկների մեջ ներառեր հենց այդ խնդրին վերաբերող հարցեր:

Բայց չպետք է շատ գերագնահատել կարգավիճակի հարցի ներառումն այս փաթեթում, որովհետև վերջնական կարգավիճակ ասելով՝ բոլոր հնարավոր տարբերակները պետք է հաշվի առնել, այսինքն՝ երբ խոսվում է վերջնական կարգավիճակի մասին, դա չի նշանակում, որ խոսքն Ադրբեջանից անկախ կարգավիճակի մասին է:

Բայց նույնիսկ այս իջեցրած նշաձողով առաջարկված սկզբունքները, հատկապես՝ կարգավիճակի հարցում, կարծում եմ՝ Ադրբեջանը չի ընդունելու, Ադրբեջանը պատրաստ չի լինելու քննարկել ԼՂ-ին որևէ կարգավիճակի տրամադրում թեկուզ իր կազմում: Ադրբեջանը նաև պատրաստ չի լինի քննարկելու Լեռնային Ղարաբաղում անվտանգության ինստիտուցիոնալ ինչ-որ երաշխիքների ներդրման հնարավորություններ: Հայաստանի առաջարկների կետերը խոչընդոտելու են բանակցությունները:

– Բայց Էդմոն Մարուքյանն ասաց, որ Բրյուսելում՝ եռակողմ հանդիպման ժամանակ, կողմերը համաձայնել են այդ 11 կետը հիմքում ունենալով՝ սկսել բանակցությունները:

– Չգիտեմ՝ համաձայնել են, թե ոչ, բայց՝ որպես բանակցային հիմք որևէ սկզբունքների շուրջ համաձայնության գալը դեռևս չի նշանակում, որ դրանց շուրջ բովանդակային համաձայնության կարող են գալ:

13 տարի մադրիդյան սկզբունքները կողմերն ընդունել էին որպես բանակցությունների հիմք, բայց, այդուհանդերձ, որևէ առարկայական, բովանդակային լուծումների այդպես էլ չեն կարողացել հասնել:

Պարզ է, որ բանակցությունները միայն Ադրբեջանի սկզբունքներով չեն կարող ընթանալ, եթե Ադրբեջանը համաձայնել է բանակցել, պետք է ընդունի նաև Հայաստանի առաջարկությունները, բայց այլ հարց է, թե հիմք ընդունելուց հետո ինչ պայմանավորվածությունների են հասնելու: Իմ համոզմամբ՝ վերոնշյալ կետերի շուրջ շատ դժվար է լինելու ընդհանուր հայտարարի գալ:

Պարո՛ն Գրիգորյան, գործող իշխանությանը քննադատելու, մեղադրելու հիմքերից մեկն էլ ընդդիմությունը համարում է այն, որ Արցախի կարգավիճակ ասելով՝ իշխանությունը չի հստակեցնում՝ ի՞նչ է պատկերացնում կարգավիճակ ասելով: Հնարավո՞ր էր Ադրբեջանին ուղղված առաջարկությունների մեջ այդ մասով հստակեցում մտցնել, թե՞ դա այս փուլում պետք չէր անել:

– Առաջարկների մեջ ներառվել է դիվանագիտական ձևակերպում, որը հնարավորություն է տալիս դա մեկնաբանել՝ ում ինչպես ձեռնտու է: Խնդիրն այն է, որ առնվազն ապրիլի 13-ից հետո ու դրան հաջորդած առաջին օրերի ընթացքում Հայաստանի իշխանությունները բավականին հստակ նշել են, թե ինչ են պատկերացնում կարգավիճակի լուծման հարցում:

Խոսքս այն մասին է, թե ինչպես էին իշխանական պատգամավորները փորձում հասարակությանը հրամցնել այն գաղափարը, որ որևէ սարսափելի բան չի լինի, եթե ԼՂ-ին Ադրբեջանի կազմում կարգավիճակ տրվի: Վիգեն Խաչատրյանն ասում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ քայլ էր արել, երբ Լիսաբոնում վետո էր դրել եզրափակիչ հայտարարությանը, մի խոսքով՝ իրականում պետք է սպասել, որովհետև Ռուսաստանի դիրքորոշումից էլ է շատ բան կախված լինելու: Ռուսաստանը չի ցանկանում, որ կարգավիճակի հարցը լուծում ստանա, այդ առումով որոշակի շեշտադրումներ կային նաև Դուշանբեի հանդիպման ժամանակ՝ ողջույնի խոսքերի մեջ: Ամեն բան միայն Ադրբեջանից ու Հայաստանից չի կախված:

Նկատի ունեք, որ Ռուսաստանին ձեռնտո՞ւ է ներկա վիճակը:

– Ռուսաստանին ձեռնտու է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների գործընթացը լինեն առանձին, միմյանց հետ առնչություն չունենան, որպեսզի կողմերը կարգավիճակի հարցում որևէ կտրուկ քայլի չգնան:

Կարգավիճակի վերջնական լուծում նշանակում է երկարաժամկետ կտրվածքով ռուսական խաղաղապահ առաքելության զորքերի դուրսբերում ԼՂ-ի տարածքից, ինչը չի կարող ձեռնտու լինել Ռուսաստանին: Ռուսաստանը, այո՛, ես գիտեմ, որ Հայաստանին հստակ ուղերձներ է հղում, որ չպետք է հապճեպ որոշումների կամ քայլերի գնալ:

Պարո՛ն Գրիգորյան, երեկվա հարցազրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ, ըստ էության, Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ նշաձողն իջեցվել է դեռ տարիներ առաջ՝ հղում անելով մադրիդյան սկզբունքներին: Համակարծի՞ք եք:

– Քանի որ այս իշխանությունները ղարաբաղյան հակամարտությամբ երբեք չեն զբաղվել, որևէ գիտելիք չունեն այդ մասով, օգտագործում են այն քաղաքական ուժերի փաստարկները, որոնք ուսումնասիրել են այդ հարցն ու խոր գիտելիքներ ունեն:

Երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ու խոսեց ինչ-որ բացահայտումների մասին, ես միանգամից գրեցի, որ հերթական անգամ անլուրջ մակարդակի, իրենց խմբային մտատանջանքի արդյունքներն է հրապարակելու, բայց փաստորեն հրապարակեցին նույնիսկ ոչ իրենց կողմից մտածված փաստարկ, այլ Հայ ազգային կոնգրեսի կողմից տարիներ շարունակ օգտագործված փաստարկ, որ, իբր, երբ մադրիդյան սկզբունքներով համաձայնեցին ներառել կետ հանրաքվեի մասին, դա նշանակում է, որ մենք հրաժարվեցինք դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեից, ինչը չափազանց անլուրջ է:

Այսինքն՝ ո՞վ է այդ հանրաքվեի արդյունքները ճանաչել, նույնիսկ Հայաստանը չի ճանաչել այդ արդյունքները, կամ եթե նպատակը հանրաքվեի արդյունքների միջազգային ճանաչումն էր, ապա Ադրբեջանի հետ ինչի՞ շուրջ էիք 30 տարի բանակցում, կամ եթե նշվում է, որ պետք է հանրաքվե անցկացվի մադրիդյան փաստաթղթով, ու դրանով, երևի, Փաշինյանն էլ ուզում էր ասել, որ, ա՛յ, տեսնում եք՝ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքում է: Իսկ եթե դա ադրբեջանական տարածք է՝ ինչո՞ւ պետք է այնտեղ հանրաքվե անցկացվեր, միջանկյալ կարգավիճակ տրվեր ԼՂ-ին, այսինքն՝ տարիներ շարունակ տևող այս ներքաղաքական գզվռտոցի համատեքստում ամեն քաղաքական ուժ իրեն պաշտպանելու համար փորձում է անգամ մեզ համար ձեռնտու կետերը ներկայացնել որպես աղետ:

Մադրիդյան փաստաթղթում պլեբիսցիտի վերաբերյալ կետը ու դրա անցկացման կարգի սահմանումը հայկական դիվանագիտության մեծագույն ձեռքբերումն են՝ անկախ օրվա քաղաքական իշխանության ով լինելուց, քաղաքական նախապատմություններից: Եթե դու չես ընդունում ու ճանաչում այդ փաստը, նշանակում է քո նեղ քաղաքական շահերն ավելի բարձր ես դասում, քան՝ պետականը:

Մեկնաբանությունը, թե ինչո՛ւ պաշտոնական Երևանը չէր հրապարակում Ադրբեջանին ուղարկված վեց կետերը, ինչպե՞ս եք գնահատում:

– Իրականում, դիվանագիտական պրակտիկայում շատ քիչ են հանդիպում դեպքեր, երբ կողմերը հրապարակում են առաջարկները: Երբ Ադրբեջանն ուղարկեց Հայաստանին այդ սկզբունքների փաթեթը, դա շատ նման էր, օրինակ՝ նրան, ինչ արեց Ռուսաստանը ռուս-ուկրաինական պատերազմից առաջ, երբ ինչ-որ փաստաթուղթ ուղարկեց Արևմուտք, հետո հրապարակեց այն, որպեսզի լեգիտիմացնի իր ագրեսիան Ուկրաինայի դեմ:

Ադրբեջանն էլ մոտավորապես նույնն արեց. տեսանք, որ դրանից հետո հակամարտության գոտում սրացումներ եղան՝ Փառուխի դեպքերը: Լրիվ նորմալ էր, որ Հայաստանը չէր հրապարակում, այսինքն՝ եթե ուզում ենք, որ բանակցություններում ինչ-որ առաջընթաց լինի, երբեք նման փաստաթղթեր չեն հրապարակվում:

Երբ ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթեր ես հրապարակում, ինչ-որ տեղ դա ցույց է տալիս, որ այնքան էլ մեծ ցանկություն չկա այդ հարցերի շուրջ պայմանավորվածության հասնել, պարզապես օգտագործում ես այդ գործընթացը՝ այլ նպատակների հասնելու համար:

Հաջորդ շաբաթ նախատեսվում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների նպատակով ստեղծված հանձնաժողովների հանդիպումը, ձեր տպավորությամբ՝ այս հարցում կողմերին կհաջողվի՞ ընդհանուր հայտարարի գալ:

– Եթե հետևենք կողմերից հնչող հրապարակային հայտարարություններին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բավականին դժվար է լինելու, հատկապես անկլավների հարցում, ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել:

Ադրբեջանը շարունակում է ուժային ճնշման քաղաքականությունը և փորձում է Հայաստանից մաքսիմալ զիջումներ կորզել: Հայաստանի իշխանությունները, օրինակ՝ նույն Էդմոն Մարուքյանը, երեկ բերում էր ինչ-որ փաստարկներ, որոնք կարելի է ներքաղաքական դիսկուրսում օգտագործել, բայց դժվար թե քարտեզների իրավական հենքն արդյունավետ փաստարկ լինի Ադրբեջանի հետ բանակցություններում:

Բարդ գործընթաց է լինելու, գլխավոր վտանգն այն է, որ Հայաստանին կարող են հերթական անգամ ճնշել ու որոշակի զիջումներ պարտադրել, որովհետև ռազմաքաղաքական դիսբալանսը պատերազմից հետո ոչ միայն չի վերանում, այլ նաև փոփոխվում է հօգուտ Ադրբեջանի, որովհետև Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ մեզ մոտ բանակի ռեֆորմի գործընթացում առաջընթաց չի նկատվում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am