Աշխատանքի հնարավորություն՝ Ստրասբուրգի քաղաքապետարանում

Ստրասբուրգի քաղաքապետարանը (Ֆրանսիա) «Միջազգային կամավորական համերաշխություն» ծրագրի շրջանակում 2024 թ. տարեսկզբից 12 ամիս ժամկետով` շաբաթական 4 օր/28 ժամ դրույքաչափով և 900 եվրո վարձատրությամբ, կամավորական աշխատանքի մեկ հաստիք է առաջարկում Հայաստանին:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ նախարարության հաղորդագրությունը: 

Ֆրանսիական կողմը հոգում է Ստրասբուրգ ժամանման և վերջնական վերադարձի ճանապարհածախսն ու բնակվճարը:  

«Առաջարկվող աշխատանքը միտված է կանանց և տղամարդկանց միջև հավասարության ու միջազգային հարաբերությունների ուղղություններով Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանը և համակարգված աշխատանք է նախատեսում Ֆրանսիայի և ՀՀ իրավասու կառույցների հետ: 

Կարող են դիմել միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, գենդերային հարցերի ոլորտում մասնագիտացած ՀՀ քաղաքացիները, որոնք աշխատանքային փորձ ունեն նաև տվյալ բնագավառներում: Ֆրանսերենի խոսակցական և գրավոր խորացված իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը՝ ցանկալի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Դիմումները՝ պահանջվող փաստաթղթերով, մինչև հոկտեմբերի 29-ը պետք է ուղարկել [email protected]  և [email protected]  էլեկտրոնային հասցեներին: Աշխատանքի բնութագիրը, պայմանների և դիմումները ներկայացնելու մանրամասները ներկայացված են կից տեղեկանքում՝ ֆրանսերենով: