Արսեն Թորոսյանը կոչ է անում պատվաստվել կարմրուկի դեմ

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ցավոք սրտի մանկահասակ երեխայի մահ ունենք կարմրուկից։

Ըստ էության մենք գտնվում ենք կարմրուկի համաճարակային բռնկման իրավիճակում և հակահամաճարակային միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն մեր երկրի հակահամաճարակային ծառայությունների կողմից, պետք է համապատասխան լինեն այդ իրավիճակին։ Նաև դրանք պետք է պատշաճ հաղորդակցվեն հանրությանը։

Այդ միջոցառումների շրջանակներում, չպատվաստված անձանց, հատկապես երեխաների պատվաստումները պետք է լինեն ամենակարևոր առաջնահերթություններից։ Ցավոք սրտի երկար տարիների ընթացքում մենք, թեև ունենալով հարաբերականորեն բարձր պատվաստումների ցուցանիշ կարմրուկի դեմ, նաև այնուամենայնիվ ունեցել ենք հազարավոր չպատվաստված երեխաներ, որոնց մի մասը դեռևս ամենախոցելի խմբերում են։ Եվ հետևաբար նրանցից բոլորը, բացառությամբ բժշկական հակացուցումներ ունեցողների, պետք է արագ պատվաստվեն, որպեսզի թե՛ անձնապես պաշտպանված լինեն, թե՛ օգնեն վերջ տալ այս համաճարակային իրավիճակին։ Պետք է պատվաստվեն նաև նախկինում չպատվաստված մեծահասակները, որպեսզի կոտրեն վարակի փոխանցման շղթաները։

Մենք բոլորս պետք է գործենք անհապաղ և հենց հիմա, որպեսզի առանց այն էլ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, ստիպված չլինենք երկար ժամանակ առերեսվել ոչ պակաս վտանգավոր և մահացու ևս մեկ մարտահրավերի հետ։

Խնդրում և կոչ եմ անում բոլոր այն ծնողներին, ովքեր չեն պատվաստել իրենց երեխաներին, անհապաղ տանել նրանց պատվաստման սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություն, ինչպես ես եմ տարել իմ երեխաներին, երբ եղել է նրանց պատվաստման տարիքը ըստ ազգային օրացույցի, որպեսզի պաշտպանեմ թե՛ նրանց, թե՛ նրանց հասակակիցներին և մեր ամբողջ հասարակությանը կանխարգելվող վարակներից»։