Կապան համայնքի պատվիրակությունը քառօրյա այց է կատարել Իրանի Սպահան քաղաք

Սպահան քաղաքի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի հրավերով հոկտեմբերի 20-24-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը քառօրյա պաշտոնական այցով հյուրընկալվել էր Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաք:

Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները։

Սպահանի քաղաքապետը ողջունելով պատվիրակությանը՝ իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկու քաղաքների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։

Գևորգ Փարսյանը ևս շնորհակալություն է հայտնել Ալի Ղասեմզադեին՝ հրավերի և իր գլխավորած պաշտոնական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար։ Անդրադառնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակին, համայնքի ղեկավարը հաստատել է Կապանի և Սպահանի 5-րդ շրջանի միջև գործընկերային հարաբերություններ ձևավորելու իր պատրաստակամությունը, ընդ որում, հաշվի առնելով տեղի հայ համայնքի կարևոր դերակատարությունը։

Սպահան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կապանի պատվիրակությունը ՍՀԹ Ազգային Առաջնորդարանում հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի նախագահությամբ հանդիպում է ունեցել նաև Թեմի պատգամավորական ժողովի, Թեմական և կրոնական խորհուրդների, Հաշվեքննիչ մարմնի, Հայ Դատի հանձնախմբի անդամների ու համայնքում գործող միությունների նախագահների հետ։ Հանդիպմանը քննարկված թեմաների առանցքում եղել է Սյունիքը, Արցախում պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը և այս օրերին համայն հայության կողմից դիմագրավվող մարտահրավերները, ինչպես նաև Սպահանի հետ նոր կապերի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Քառօրյա այցի շրջանակներում պատվիրակության անդամները եղել են Սպահանի պետական համալսարանում, հանդիպել Հայագիտական ամբիոնի ակադեմիական կազմի հետ, այնուհետև այցելել Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ հանդիպել են «Արմէն» տարրական և «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրենությունների հետ:

Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում Գևորգ Փարսյանը հանդիպումներ է ունեցել նաև Քաշանի քաղաքապետի և համայնքապետի հետ, և նրանց կողմից ստացել փոխգործակցության առաջարկներ։

ԻԻՀ Կապանի պատվիրակության այցը եզրափակվել է մայրաքաղաք Թեհրանում, «Արարատ» մարզամշակութային միությունում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: