Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է կարմիր դրոշի ահազանգ՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման հավանականության հետ:
Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ըստ Լեմկինի ինստիտուտի հաղորդագրության, «Ադրբեջանը վաղուց է փափագում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը վերջին ժամանակներում քննարկվում է որպես Ադրբեջանի կողմից վերահսկելի «Զանգեզուրի միջանցք»-ի մի մաս։
Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքների բռնազավթումը, Ադրբեջանում ու Թուրքիայում տարածված ու հաստատված ցեղասպանական հայատյացությունը՝ ադրբեջանական ներխուժումը պարունակում է մեծ վտանգ վերաճելու ցեղասպանության»:
Շեշտելով, որ թեև Ադրբեջանի պաշտոնյաները վերջերս հեռու են մնացել Սյունիքով անցնող «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից, այնուամենայնիվ, ըստ Լեմկինի ինստիտուտի, առկա են անհանգստության մի քանի պատճառներ։Ինստիտուտն ընդգծում է, որ «Արցախի հայկական տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, որը հանգեցրեց հայ խաղաղ բնակիչների դաժան սպանություններին և գրեթե ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը, Ադրբեջանը հրապարակայնորեն իր հայացքն ուղղեց Հայաստանի ամենահարավային՝ Սյունիքի մարզին, որը նա համարում է իր սեփական տարածք՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»:
Այն մեջբերում է հոկտեմբերի 6-ին ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի զգուշացումը, որ եթե կոշտ քայլեր չձեռնարկվեն, ադրբեջանական ներխուժումը շաբաթների հարց է, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հոկտեմբերի 5-ին նախազգուշացումը միմ խումբ ամերիկացի օրենսդիրներին այս վտանգի մասին: Բացի այդ, ինստիտուտը մատնանշում է հոկտեմբերի 7-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որտեղ անդրադարձ է եղել «ութ չճշտված գյուղերին», և նախագահ Ալիևի հնչեցրած մեղադրանքներին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին, ըստ որոնց՝ եթե տարածաշրջանում «նոր հակամարտություններ ծագեն, ապա դա կլինի Ֆրանսիայի նախագահի մեղքով, ում Ադրբեջանի նախագահը մեղադրել է նաև «նեոգաղութատիրության» մեջ՝ Հայաստանի անվտանգությանն աջակցելու համար։
Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է, որ «Ադրբեջանը սկսել է ռազմական ուժեր կուտակել Հայաստանի հետ սահմանների երկայնքով, ներառյալ Նախիջևանի անկլավում (որը սահմանակից է Թուրքիային): Անցյալ շաբաթ Ադրբեջանը նույնպես սկսեց Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների շարքը, ինչպես դա արեց 2020 թվականի սեպտեմբերին Արցախ/Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց մի քանի շաբաթ առաջ:
Այս կարմիր դրոշները հուշում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ներխուժման՝ միաժամանակ փորձելով վախեցնել Հայաստանին, որպեսզի վերջինս զիջի տարածքներ և միջանցքի իրավունքները՝ այդպիսով փորձելով խուսափել ներխուժումից»,- հայտնել է Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը: