Ահռելի քանակի շների դիակներ, ոչ նպատակային ծախսված փողեր… «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն հակադարձում է մեղադրանքները

Ահռելի քանակի շների դիակներ, ոչ նպատակային ծախսված փողեր... «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն հակադարձում է մեղադրանքները
Ահռելի քանակի շների դիակներ, ոչ նպատակային ծախսված փողեր… «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն հակադարձում է մեղադրանքները

«Փրկենք կենդանիներին» ՀԿ-ն եւ «Դինգո» կամավորների թիմը բաց նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պնդելով, որ պատրաստ են անել հնարավորը թափառող կենդանիների խնդիրը օրենքի սահմաններում լուծելու համար:
Նամակում ասվում է, որ Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի վարչության ներկայացված թափառող կենդանիների դեմ պայքարի ծրագիրն ի սկզբանե պարունակում է անհիմն և իրար հակասող դրույթներ:«Ներկայացված թափառող կենդանիների ամենամյա թիվը չափազանց ուռճացված է: Չեն կատարվել որեւէ հետազոտություններ, և նշված մոտ 46 000 թափառող շներն առհասարակ ֆիզիկապես չեն կարող գոյություն ունենալ Երեւան քաղաքում: Ուստի անհասկանալի է, թե ինչպես է նրանց դեմ պայքարի համար տարեկան ծախսվում 180 000 000 դրամ:
Բացի այդ, քաղաքապետարանի պատվերը կատարող «Յունիգրաֆ իքս»ՍՊԸ-ն իր գործողություններով ոչ միայն աշխատում է անարդյունավետ, այլեւ վտանգի է ենթարկում Երեւան քաղաքի բնակիչների անվտանգությունը՝ խախտելով տարրական սանիտարական նորմերը: Վերջինիս ապացույցն է նրանց տրամադրված Նուբարաշենի խճուղու հարեւանությամբ գտնվող տարածքում առանց որևէ մշակման լցված ահռելի քանակի շների դիակների առկայությունը:
Խնդրում ենք Ձեզ լինել նախաձեռնող սույն խնդիրը իրավապահ մարմիններին հանձնելու գործում:

Մենք այլեւս չենք պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը և պատրաստ ենք անել հնարավորը՝ այս խնդիրը օրենքի սահմաններում լուծելու համար» :

Սակայն, ի պատասխան բնապահպանների, «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ի մամլո պատասխանատու Լիլիթ Գրիգորյանն հավաստում է, որ գումարներն օգտագործվում են նապատակային եւ որ իրենց ուղղված մեղադրանքներն անհիմն են:

Տեղեկացնենք, որ ընկերությունը 2006-ից Երեւանի վարչական տարածքում կատարում է թափառող շների ստերիլացում, իսկ 2008-ից նաև` վնասազերծում (քնեցման եղանակով): Գրիգորյանը «Մեդիալաբի» հարցին ի պատասխան, նշում է, որ

իրենց տրամադրվող 180 մլն դրամի 120 մլն դրամը օգտագործվում է ստերիլացման, 60 մլն դրամը` վնասազերծման համար:

«Այս տարվա հունվարից մինչև մարտի 1-ը մենք ստերիլացրել ենք 920 թափառող շուն, վնասազերծել՝ 4200-ը: Իսկ բոլոր վնասազերծած շներին մենք թաղում ենք Նուբարաշենի խճուղու մոտ հատուկ տրամադրված տարածքում եւ ոչ թե դիակները բաց գցում ու թողնում այդտեղ»,- ասում է Լիլիթ Գրիգորյանը:

Ստերլացված շները լինում են կարմիր կամ կանաչ գույնի վզկապներով, եւ նրանց բաց են թողնում այնտեղ, որտեղից վերցրել են ստերիլացնելու նպատակով:

Ինչ վերաբերում է Երեւան քաղաքում թափառող շների 4600 թվաքանակին, Լիլիթ Գրիգորյանը մեկնաբանում է, որ հաշվարկաման համար մեթոդաբանության չկա, և հստակ ոչ ոք չի կարող ասել, թե որքան թափառող շուն կա Երեւանում:

«Բայց կա այսպիսի գիտական հիմանվորում, որ 1 էգ շունը 6 տարվա ընթացքում կարող է ունենալ 46000 եւ ավելի ձագ: Իսկ սրան գումարելով մարզերից դեպի Երևան շների հոսքը՝ կարող ենք ասել, որ թիվը շատանում է»,- ասում է Լիլիթ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ կենդանասերների հղած նամակը հերթական ապատեղեկատվություն է, և եռամսյակը մեկ նրանք փորձում են խաղալ «Յունիգրաֆ իքս» ընկերության համբավի հետ:

«Մենք աշխատում ենք քաղաքացիների անվտանգության համար և արձագանքում ենք նրանց ահազանգերին, որոնց համար բազմաթիվ մարդիկ մեզնից շնորհակալ են»,- ասում է Լիլիթ Գրիգորյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am