Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել Ռաշիդ Բեգլարյանին. «Ազատություն»

Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել օգոստոսի 1-ին Լաչինի շրջանի Աղավնո (Զաբուխ) գյուղի տարածքից առևանգված 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, մասնավորապես, «Խանքենդիի (Ստեփանակերտ) թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար»։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պետական անվտանգության ծառայությունը, նշում է, թե Բեգլարյանն ասել է, որ «Խոջալուից Աղդամ գնացող 200 խաղաղ բնակիչ սպանվել և թաղվել է Ասկերանի բերդի շրջակայքում»։

Ըստ ծառայության՝ «1992 թվականի փետրվարի 26-ին զինված կազմավորումները, որոնց թվում էր նաև Բեգլարյանը, ադրբեջանցիների զանգվածային բնաջնջման նպատակով դարանակալել են Ասկերանի բերդի մոտ, և ավտոմատներով կրակել են Աղդամի շրջանի ուղղությամբ շարժվող գրեթե 200 խաղաղ բնակիչների վրա, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և ծերեր էին»։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն օգոստոսի 1-ին հաղորդեց, որ «բերման են ենթարկել Հայաստանի քաղաքացի «Բեգլարյան Ռաշիդին» (ծնված 1962 թ.)։

Հայկական կողմը պարզաբանեց՝ Բեգլարյանն 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում, «ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ»: