Հայաստանցին նոբելյան մրցանակակիր չէ. FIP.am

Հայաստանցին նոբելյան մրցանակակիր չէ. FIP.am
Հայաստանցին նոբելյան մրցանակակիր չէ. FIP.am

Օգոստոսի 10-ին Հանրային ռադիոյի կայքում հրապարակվել է հայաստանցի «Նոբելյան մրցանակակիր տաքսիստի» մասին հոդված, որում ներկայացվում է Բնապահպանության նախարարության նախկին աշխատակից Մարտիրոս Ծառուկյանի պատմությունը։ Նմանատիպ մի հոդված էլ հրապարակվել էր դեռ 2018-ի մայիսին araratnews.am կայքում։ 

Վերնագրում և հոդվածում նյութի հեղինակի կողմից Մարտիրոս Ծառուկյանը երկու անգամ ներկայացվում է որպես «Նոբելյան մրցանակակիր»։ Առաջին դեպքում հեղինակը նրան հարց է ուղղում՝ «Ձեր հաճախորդները տեղեկանո՞ւմ են, որ նստել են Նոբելյան մրցանակակրի մեքենան»։ Իսկ երկրորդ դեպքում, հեղինակը հարցնում է. «Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ Նոբելյան մրցանանակիր եք»։

Իրականությունը

Հոդվածում երկու անգամ նշվում է, որ 2007-ին խաղաղության նոբելյան մրցանակը տրվել է Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբին (ԿՓՓՄԽ, անգլ.՝ Intergovernmental Panel on Climate Change, IPCC), այլ ոչ թե մասնավոր անձանց։ Սակայն, սրան ի հակադրություն, ինչպես նշեցինք վերևում, Ծառուկյանը ներկայացվում է որպես նոբելյան մրցանակակիր։ 

2008-ին Ծառուկյանին ԿՓՓՄԽ-ի նախագահ Ռ. Կ. Պաչաուրիի կողմից նամակ էր ուղարկվել, որը զետեղված է Հանրային ռադիոյի կայքում։ Նամակում նշվում է, որ Մարտիրոս Ծառուկյանին է ուղարկվել Նոբելյան մրցանակի կրկնօրինակը, քանի որ նա և նրա գործընկերները վաստակ ունեն մրցանակի ստացման համար և ներդրում են ունեցել ԿՓՓՄԽ-ի աշխատանքներում։ 

Հանրային ռադիոյի հոդվածում զետեղված է նաև 2007-ի խաղաղության նոբելյան մրցանակի կրկնօրինակը և ԿՓՓՄԽ-ի կողմից հավաստագիր, որում ևս նշվում է, որ Ծառուկյանը ներդրում է ունեցել ԿՓՓՄԽ-ի ստացած նոբելյան մրցանակի մեջ։ 

 

ԿՓՓՄԽ-ի պարզաբանումը

Դեռ 2012-ին ԿՓՓՄԽ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ մրցանակին արժանացել էր կազմակերպությունը, այլ ոչ թե որևէ անձ(իք), որոնք աշխատել են ԿՓՓՄԽ-ի հետ։ «Այսպիսով, սխալ է համարել, որ որևէ պաշտոնյա կամ գիտնական, որը աշխատել է ԿՓՓՄԽ-ի զեկույցների վրա, նոբելյան մրցանակակիր է։ Ճիշտ կլինի ԿՓՓՄԽ-ի AR4 կամ ավելի վաղ հրապարակած զեկույցների վրա աշխատած գիտնականներին բնութագրել հետևյալ կերպ՝ «X անձը ներդրում է ունեցել ԿՓՓՄԽ-ի զեկույցներին, որոնք արժանացել են 2007թ. խաղաղության նոբելյան մրցանակին»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Հատկանշական է, որ անցած տարի globalnews.ca կայքը անդրադարձել էր նմանատիպ մի դեպքի։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկու անգամ հրապարակային հայտարարել էր, որ նրա կառավարության անդամը՝ գիտության նախարարը, նոբելյան մրցանակակիր է, այնինչ նա Ծառուկյանի պես ԿՓՓՄԽ-ի զեկույցներում ներդրում է ունեցել և անձնապես չի արժանացել հեղինակավոր մրցանակին։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am