Արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր․ Էդուարդ Թոփչյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հայտարարել է, որ շանտաժի նպատակով արհեստական բանականության միջոցով ստեղծում են իրեն արատավորող տեսանյութեր։

«Երկու օր է՝ ես հաղորդագրություններ եմ ստանում կիբերհանցագործներից, ովքեր արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր: Վստահեցնում եմ, որ այդ տեսանյութերը ոչ մի կապ չունեն ինձ հետ։ Քանի որ ես հրաժարվեցի որևէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։ Իմ դեմ ուղղված այս կիբերհարձակումը ֆինանսական շանտաժի նպատակ ունի՝ հաղորդագրությունները դադարեցնելու դիմաց»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թոփչյանը։