Ինչու՞ է Սերժ Սարգսյանին 21.4%-ը մեկ երրորդ թվում

Ինչու՞ է Սերժ Սարգսյանին 21.4%-ը մեկ երրորդ թվում
Ինչու՞ է Սերժ Սարգսյանին 21.4%-ը մեկ երրորդ թվում

«Ինչու՞ Հայաստանը Արևմուտքի փոխարեն նախընտրեց Ռուսաստանին» վերնագրով ամերիկյան «Washington post» պարբերականում երեկ հոդված է տպագրվել, որտեղ Սերժ Սարգսյանը 2 հիմնական խումբ «փաստարկներով բացատրել է» իր որոշման պատճառները։

1․ «Հայկական կոնյակը իրականում չի կարող վաճառվել Փարիզում, բայց լավ է վաճառվում Ռուսաստանում»,- ասել է Սարգսյանը, ինչը հոդվածագիրը համարել է «պրակտիկ բացատրություն»։ Սարգսյանը նույնիսկ ասել է, թե կայացրել է «պրագմատիկ» որոշում, քանի որ Հայաստանի արտահանման մեկ երրորդը բաժին է ընկնում Ռուսաստանին ու նրա գործընկերներին, իսկ Ռուսաստանն էլ բավականին լավ գնով Հայաստանին գազ է վաճառում։ Պետք է նկատել, որ Սարգսյանի թվաբանությունը ակնհայտ սխալ է։ Ռուսաստանին ու ԵՏՄ մյուս երկրներին 2014-ին բաժին է ընկնել Հայաստանի արտահանման 21.4%-ը, մինչդեռ ԵՄ-ին բաժին է ընկել 28.8%-ը։ 21.4%-ը անգամ մեկ չորրորդ չէ, ուր մնաց մեկ երրորդ համարվի։

Վերջին 10 տարիներին երբեք Հայաստանից արտահանումը Ռուսաստան չի եղել մեկ երրորդի չափով և միշտ ավելի քիչ է եղել, քան դեպի ԵՄ։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտահանման միայն 0.5%-ն է բաժին ընկել Ռուսաստանին, Ղազախստան ոչինչ չի արտահանվել, իսկ Բելառուս՝ գրեթե ոչինչ չի արտահանվել։

Ինչ վերաբերում է գազին, ապա Սարգսյանը չի նշել, որ «էժան» համարվող գազը միայն «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի շնորհիվ է ձեռք բերվել (ԵՏՄ մտնելու որոշումից անկախ), ընդ որում այն դեպքում, երբ Իրանում Հայաստանի դեսպանը հայտարարել էր, թե իրենք պատրաստ են բավականին էժան գներով գազ մատակարարելու մասին բանակցել Հայաստանի հետ։ Մեր իշխանությունը այդպես էլ չօգտվեց այս հնարավորությունից։

2․ Սարգսյանն ասել է, թե ԵՄ հետ ազատ առևտուրը Հայաստանին շատ բան չէր տա, հատկապես  հաշվի առնելով, որ (և քանի դեռ) Թուրքիայի հետ մեր սահմանը փակ է։ Ավելին, ըստ Սարգսյանի, թեև Հայաստանն այսօր տուժում է Ռուսաստանի տնտեսության վատթարացման պատճառով, ցավալի խնդիրների կհանդիպեր, եթե չմտներ ԵՏՄ։

Սարգսյանն այստեղ էլ մեղմ ասած ճիշտ չէ։ ԵՄ հետ ազատ առևտուրը Թուրքիայի հետ փակ սահմանների պայմաններում, համաձայն տնտեսագիտական հետազոտությունների, 5 տարի անց կավելացներ Հայաստանի արտահանումը 15%-ով, իսկ Համախառն ներքին արդյունքը՝ 146 միլիոն եվրոյով (ՀՆԱ-ի լրացուցիչ 2.3% աճ)։ Պնդումը, թե ԵՏՄ չմտնելով Հայաստանն ավելի ցավալի խնդիրների կհանդիպեր, ևս բավականին վիճելի է։

Հարցը, թե ինչ կարող էր անել Ռուսաստանը զուտ տնտեսական իմաստով, եթե Հայաստանը չմտներ ԵՏՄ, շատ է քննարկվել։ Միակ նշանակալի քայլը հայաստանցի որոշ «խոպանչիներին» Ռուսաստան մտնելն արգելելն էր, որի փոխարեն, սակայն,  Հայաստանը կարող էր ԵՄ-ից շատ ավելի մեծ ծավալի ֆինանսական օգնություն ստանալ։ Օրինակ՝ Հայաստանի կառավարությունը 2013-ի ամռանը ԵՄ-ից 4.8 միլիարդ եվրո դրամաշնորհի հայտ էր ներկայացրել ԵՄ-ին։ Այսպիսով՝ փաստարկները, որոնք Սերժ Սարգսյանը բերել է «Washington Post»-ին տված հարցազրույցում, բավականին թույլ են։ Զարմանալի  ու ուշագրավ է սակայն,  որ Սարգսյանը չի օգտագործել «անվտանգության» փաստարկը, որը շատ են սիրում ԵՏՄ անդամակցության որոշ կողմնակիցներ՝ ասելով, թե իբր Հայաստանը չէր կարող լինել անվտանգության մի, իսկ տնտեսական՝ մեկ այլ հարթակում։

Հրայր Մանուկյան, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»