Կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ դեկտեմբերի 5-ին կյանքի 86-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Տարոն Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար:

Տարոն Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ կտեղեկացվի հաջորդիվ:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյան (ավազանի անունը՝ Ժիրայր) ծնվել է 1937 թ. հուլիսի 11-ին՝ Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է Սահակյան վարժարանում:

1952 թ. ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Դպրեվանք:

1957 թ. ձեռնադրվել է սարկավագ:

1959 թ. ավարտել է Մայր Աթոռի Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

1960-1963 թթ. ուսանել է Անգլիայում, նախ` Քելհամի Սուրբ Առաքելություն, ապա` Լոնդոնի Թագավորական քոլեջում:

1963 թ. ձեռամբ հոգելույս Տ. Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռնադրվել է աբեղա:

1964 թ. նշանակվել է վալանսահայության հոգևոր հովիվ:

1965 թ. ապրիլի 23-ին, պաշտպանելով վարդապետական թեզ` «Յոթը Խորհուրդներ Հայոց Եկեղեցու» թեմայով, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է վարդապետական մասնավոր աստիճան:

1965 թ. վերադարձել է Ֆրանսիա և ծառայության կոչվել Մարսելում: Այնուհետև երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կարգադրությամբ մեկնել է Դամասկոս` որպես առաջնորդական տեղապահ:

1972 թ. նշանակվել է Նիսի շրջակայքի հոգևոր հովիվ:

1978 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի՝ ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան` ներկայացնելով իր «80 քարոզներ» աշխատանքը:

1991 թ. ընտրվել է Մարսելի առաջնորդական փոխանորդ և հայրապետական պատվիրակի փոխանորդ:

1992 թ. ստացել է եպիսկոպոսական օծում` ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի:

2003 թ. օգոստոսին, ձեռնադրության 40 ամյակի առթիվ, Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի կողմից արժանացել է Հայ Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանին:

2003 թ. իր իսկ ցանկությամբ Սրբազան Հայրը անցել է վաստակած հանգստի: