Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Հնդիկ օդաչու Սմիթ Մաչչհարը, որը ծանր վիրավորվել էր սեպտեմբերի 30-ին ԱՄԷ-ից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, առաջին անգամ պատմել է օդաչուների խցիկում տեղի ունեցածի մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեսազրույցի ժամանակ օդանավի հրամանատար Մաչչհարը պատմել է, որ միջադեպի ընթացքում հասկացել է՝ ինքնաթիռն արագորեն կորցնում է բարձրությունը, և անհրաժեշտ է անհապաղ գործել։

«Ես վիրավոր պառկած էի հատակին, բայց ինքս ինձ ասացի, որ պետք է վերջին ջանքը գործադրեմ և դուռը ներսից բացեմ, որպեսզի մարդիկ մտնեն օդաչուի խցիկ և օգնեն իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։ Ես պայքարում էի իմ կյանքի համար, բայց նաև գիտեի, որ չեմ կարող թույլ տալ, որ ուրիշները մահանան»,- ասել է նա։

Խցիկ մտած ուղևորներին հաջողվել է միջամտել և օգնել վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։ Ինքնաթիռում գտնվող բժիշկն առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորված հրամանատարին։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և թռիչքի ուղևորները Մաչչհարի գործողությունները որակել են որպես «հերոսական»։ ԱՄԷ-ում Հնդկաստանի դեսպանատունը հոկտեմբերի 1-ին հայտնել է, որ օդաչուի վիճակը լավ է, և նա ապաքինվում է։

Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռը միջադեպից հետո վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկի օդանավակայանում։ Օդանավում եղել է 174 ուղևոր, որոնք ավելի ուշ ապահով վերադարձել են Իսրայել։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպի ընթացքում երկրորդ օդաչուն հարձակվել էր օդանավի հրամանատարի վրա, ինչից հետո ինքնաթիռը կարճ ժամանակում զգալի բարձրություն էր կորցրել։ Մաչչհարին հաջողվել էր բացել օդաչուների խցիկի դուռը, ինչից հետո անձնակազմի անդամներն ու ուղևորները միջամտել էին։ Ինքնաթիռում գտնվող այլ օդաչուներ այն անվտանգ վայրէջք էին կատարել Սաուդյան Արաբիայում։

Դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում։