Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հասնելու քաղաքական կամք ունեն․ Պեսկով

Ռուսաստանը տեսնում է  Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի հասնելու քաղաքական կամքի առկայությունը և աջակցում է այդ գործընթացին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կարևորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայությունը և Երևանի, և Բաքվի մոտ։ Մենք դրան աջակցում ենք։ Մենք կարծում ենք, որ նման պայմանագրի կնքումն օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության համար»,- ասել է նա։

Պեսկովն անդրադարձել է նաև Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումներին՝ նշելով, որ դրանք ոչ թե բանակցություններ են եղել, այլ «ոտքի վրա կարճ շփումներ»։

«Նրանք երեկ բանակցություններ չեն վարել, սակայն այդպիսի միջոցառումները, նաև ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, միշտ լավ հնարավորություն են ոտքի վրա կարճ շփումների համար։ Այդպես եղել է նաև այս անգամ»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում ունեցած շփումների ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։