Վարչապետ Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն: «Ուրախ եմ բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների համար, որ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև: Սա կարևոր է ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, այլև մեր արտաքին հարաբերություններում և ընդհանրապես քաղաքականություններում միմյանց համար ավելի հասկանալի լինելու իմաստով: Իհարկե, երկկողմ օրակարգի հարցերը մենք անընդհատ քննարկում ենք, և ուրախ եմ, որ այդ քննարկումներում աշխատանքային ու անկեղծ մթնոլորտ է հաստատված: Գիտեմ նաև, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ արդյունավետ քննարկում եք ունեցել և ակտիվ, ինտենսիվ աշխատանքային շփումներ ունեք, ինչի համար նույնպես ուրախ եմ: Կուզեմ նաև Ձեզնից լսել այցի օրակարգի և ակնկալվող արդյունքների մասին»,- ասել է վարչապետը:

Իրանի արտգործնախարարը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ջերմ ողջույնները: «Նախագահը խնդրել է, որ ջերմորեն շնորհավորեմ Ձեր և Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Ձե՛րդ գերազանցություն, շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման առիթով: Իմ գործընկերոջ՝ ՀՀ ԱԳ նախարար պարոն Միրզոյանի հետ շատ լավ, կառուցողական և օգտակար քննարկում ենք ունեցել: Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծենք, թե ինչ ուշադրություն ենք դարձնում երկկողմ հարաբերություններին և դրանց կարևորությանը: Մեր գնահատականն այն է, որ երկու երկրները ճիշտ ուղով են ընթանում: Մենք ականատեսն ենք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանը. դրան զուգահեռ նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում հարաբերությունների խորացման վրա»,- նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացմանը, ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրն աջակցում է վերոնշյալ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման գործընթացին, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: