Կապանի օդանավակայանում եկող տարում նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական նոր սարքեր կգործարկվեն

Կապանի օդանավակայանում 2024 թվականից նոր սարքեր կգործարկվեն, որոնք կթուլացնեն կախվածությունը եղանակային պայմաններից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  

«Մենք Կապան քաղաքում գործող «Սյունիք» օդանավակայանը այս տարի գործարկեցինք, որը երկուշաբթի եւ ուրբաթ կանոնավոր չվերթներ է իրականացնում: Եղել են դեպքեր, որ, եղանակային պայմաններով պայմանավորված, չվերթները չեն իրականացվել: Մենք և շրջակա միջավայրի նախարարության գործընկերները որոշակի նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական սարքեր ենք ձեռք բերել, որպեսզի տեղադրվեն օդանավակայանում։ 2024 թվականին դրանք կգործարկվեն, ու եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք»,-ասաց նախարարը: