ՔԿ-ն ու իրավապահ մարմինները դարձել են ճնշման գործիք այլակարծության ու ընդդիմադիր գործիչների համար․ Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, լրագրողների հարցերին ի պատասխան Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ասել է, որ Արշակ Սրբազանի մասնակցությամբ արված տեսաձայնագրության հեղինակն ու տեսագրության ժամանակը իրենք չգիտեն, ինչպես նաև մյուս ձայնագրությունների հեղինակները դեռ բացահայտված չեն: Ձեր գնահատմամբ՝ նորմա՞լ է, որ դեռ չկան բացահայտումներ այս ամենի վերաբերյալ:

– Այս հարցով որևէ մեկը պնդումներ չի կարող անել, բայց եկեք դեպքերի հաջորդականությունն արձանագրենք. Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ գրառում կատարեց ինչ-որ սրբազանի ու նրա քեռակնոջ վերաբերյալ, որոշ ժամանակ անց եղավ ձեր նշած տեսագրության հրապարակումը: Ակնհայտ է, որ մասնավոր անձը չէր կարող տեղեկություն տալ Նիկոլ Փաշինյանին, ակնհայտ է նաև, որ ինչ-որ օպերատիվ-հետախուզական աշխատանքների հիման վրա էր Փաշինյանն այդ գրառումը կատարել: Հետևաբար, այս երկու փաստի համադրումով, համարյա ակնհայտ է դառնում, թե այդ ձայնագրության հետևում ովքե՛ր են թաքնված, համարյա ակնհայտ է, կրկնում եմ: 

Որպես կանոն՝ հատկապես նման տոտալ ձևով տեսաձայնագրություններ, ձայնագրություններ արվում են հատուկ ծառայությունների միջոցով ու, որպես կանոն, հրապարակայնացվում են քաղաքական իշխանությունների որոշմամբ: Որպես քաղաքական գնահատական կարող եմ ասել հետևյալը, որ այստեղ քննելու շատ բան էլ չկա, ակնհայտորեն իշխանության միջամտություն այստեղ գոյություն ունի:

– Քննչական կոմիտեի ղեկավարը բնավ այդ կարծիքին չէ, ասում է՝ ինչո՞ւ եք բացառում, որ այլ անձինք կլինեն, ինչո՞ւ եք հակված, որ իշխանությունը կամ իրավապահ մարմիններն են դրա հետևում:

– Շատ զարմանալի կլիներ, որ նա այլ բան ասեր ու քրեական գործերն այնպիսի տրամաբանությամբ վարեր, որ ճշմարտությունը բացահայտեր: Քննչական կոմիտեն ու իրավապահ բոլոր մարմինները դարձել են ճնշման գործիք այլակարծության ու ընդդիմադիր գործիչների համար: Ես լսել եմ կոմիտեի ղեկավարի ճեպազրույցը, մի շարք պատասխաններ, համեմելով մասնագիտական տերմիններով, փորձում էր լղոզել, բայց ասեմ, որ բացարձակ համոզիչ չէր նրա խոսքը, բացարձակ: 

Նայեք հակաեկեղեցական կամպանիան, ինչո՞ւ հիմա հայտնվեցին այդ տեսագրությունները, բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ ինչպես Բագրատ ու Միքայել Սրբազաններին են գաղտնալսել, ինչը խոստովանում են, նույն կերպ էլ մնացած հոգևորականներին են գաղտնալսել, որովհետև այդ ամենը դիտարկել են հակաեկեղեցական կամպանիայի համատեքստում: 

Իսկ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի զրույցն ո՞վ է գաղտնալսել: Հասկանո՞ւմ եք՝ մեկ կամ երկու դրվագ չէ, բոլոր դրվագները երբ իրար կողքի ես դնում, ապա համապարփակ գնահատականներն ինքնըստինքյան ծնվում են:

– Պարո՛ն Սուրենյանց, կարծում եք՝ իրատեսական չէ, որ այս ձայնագրությունների հեղինակներն ու դրանք տարածողները բացահայտվեն։

– Իհարկե պետք չէ հույս ունենալ, եթե պետությունն ինքը չլիներ՝ վաղուց բացահայտել է սա: Ասում եմ՝ սա պնդում չէ, սա քաղաքական հետևություն է, որը ես անում եմ բավական ակնհայտ ու հրապարակային փաստերի հիման վրա: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am