Թուրքիայում կարծում են, որ անտառային հրդեհները կարող են պատրվակ լինել ռազմական հեղաշրջման համար․ անդրադարձ

Թուրք լրագրող Հիլալ Կափլանը, որն անցյալ ամիս նշանակվել է պետական TRT հեռուստաընկերության խորհրդի կազմում, զգուշացնում է, որ Թուրքիայի հարավային շրջանների անտառներն ավերած հրդեհները կարող են որպես պատրվակ օգտագործվել ռազմական հեղաշրջման փորձի համար։

Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։ Կափլանն այսպիսի կանխատեսում է արել «Սաբահ» թերթում հրապարակված հոդվածում։

Նա գրում է, որ նման եզրահանգման է եկել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի Արտաքին հարաբերությունների խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Քուքը հրդեհից երեք օր առաջ հրապարակված հոդվածում նշել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության թույլ կողմերի մասին։

«Արտաքին հարաբերությունների խորհրդը Վաշինգտոնում հիմնադրվել է 1921 թվականին՝ Ռոքֆելլերի հիմնադրամի կողմից։ Այն կոչվում է նաև ԱՄՆ «Ստվերային Պետքարտուղարություն», որի նպատակն ի սկզբանե դա է եղել։

Նրանք, ովքեր հետևում են արևմտյան մեդիային, գիտեն, որ այս հաստատությունում աշխատող վերլուծաբան Սթիվեն Քուքը երեք ամենահակաթուրք գրողներից է»,- նշել է թուրք լրագրողը։

Ըստ նրա՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ամերիկացի վերլուծաբանը գրել է «Ինչպե՞ս է Էրդողանը Թուրքիան դարձնում ավտորիտար» վերնագրով հոդված։

Կափլանը գրում է, որ Քուքի մեկ այլ հոդված էլ հրապարակվել է Թուրքիայում անտառային հրդեհներից առաջ՝ «Էրդողանի ռեժիմի ճաքերն աճում են» վերնագրով, որն ամփոփվում է հետևյալ նախադասությամբ․ «Նախագահ էրդողանի՝ Թուրքիայի վրա վերահսկողություն հաստատելու և պահպանելու կարողությունը խաթարված է։

Սա մեծացնում է լայնածավալ բողոքի ակցիաների, բռնության աճի և քաղաքական պայքարի հնարավորությունները պետության ներսում»:

«Քանի որ ես մեղադրվեցի պարանոյայի մեջ, երբ 2016-ի հուլիսի 15-ից 4 ամիս առաջ գրեցի ռազմական հեղաշրջման փորձի մասին, նրանք օգտագործում են նույն հնարքը։ Բայց կան տարօրինակ իրադարձություններ։ Եկեք ավարտենք իմ հոդվածի վերնագրով, որում ես կռահեցի առաջիկա ապստամբության մասին՝ «Մենք պատրաստ ենք»»,- գրել է թուրք լրագրող Հիլալ Կափլանը։

Այս մասին գրում է Factor.am-ը: