«Վարձկաններ են մտել իրենց խրամատը, տղես վիրավորումից ա զոհվել ». Մայրն ասում է՝ տունը լեցուն էր, հիմա դատարկություն է ու խոր ցավ

«Վարձկաններ են եկել, մտել իրենց խրամատը, տղես հրազենային վիրավորումից ա զոհվել՝ մեկը բերանի կողմից ա եղել, երեք հատ էլ` թիկունքից»,- կսկիծով ասում է 50-ամյա Արմինե Հարությունյանը, որի որդին՝ 19-ամյա Վազգեն Մկրտչյանը, զոհվել է պատերազմի ընթացքում։

Վազգեն Մկրտչյանը ժամկետային ծառայություն էր անցնում Հադրութում, երբ սկսվեց պատերազմը։

Մայրն ասում է՝ զանգելիս որդին մշտապես ասում էր, թե ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա։ Մոր խոսքով՝ երբեք մտքով չէր անցնի, որ պատերազմում կկորցնի որդուն։

«Միշտ ասում էր՝ լավ ա, մի՛ հավատացեք ոչ ոքի։ Հոկտեմբերի 13-ին եմ վերջին անգամ կապվել, ասեց՝ ոչ մի բան չկա, ավելի վռազ-վռազ էր խոսում, միշտ օրը մի քանի անգամ էր զանգում, էդ օրը ժամը 6-ի կողմերը զանգեց, իմ հետ խոսաց, հետո պապայի հետ խոսաց ու ասեց՝ կզանգեմ…»- ասում է Արմինեն ու ցավով նշում, որ հաջորդ օրն առավոտյան որդին զոհվել է։

«Առավոտյան՝ ժամը 7։30-8։00-ի հատվածում ա դեպքը տեղի ունեցել»։ 

Արմինեն ասում է, որ դեպքի մասին պատմել է տղայի ընկերը։ «Ինքը ուրիշ խրամատում ա եղել՝ մոտ 20 մետր հեռու, եկել-տեսել է՝ Վազգենը զոհված ա։ Նույն օրը զանգել ա մյուս տղայիս, ասել։ Ես մի օր հետո իմացա, մեր տանը լիքն էին, հավաքվել էին, էդպես իմացա»,- հուզմունքով ասում է մայրը։

Այդ պահից սկսած կյանքն անիմաստ է դարձել, ասում է՝ Արմինեն։

Մայրն այժմ ապրում է անհուն կարոտով ու հուշերով։ Ասում է՝ նախկինում տունը լեցուն էր, իսկ հիմա դատարկություն է ու խոր ցավ․ «Ինքը հենց դուռը բացում էր, մտնում՝ մա՜մ, կոֆեն դիր, գալիս եմ, էնքան թիկունքով, բոյով էր, որ դուռը բացում էր, մինչև դռան փակվելը ինքը սենյակում էր։ Հիմա մենակ իրա նկարներն են, ուրիշ ոչ մի բան»։

Վազգեն Մկրտչյանն դպրոցն ավարտելուց հետո Մեղրիում քոլեջ էր ընդունվել՝ ավտոգործ բաժնում, ավտոմեխանիկ մասնագիտությամբ։ Մայրն ասում է՝ որդին մեծ երազանքներ ուներ, ցանկանում էր բիզնեսներ հիմներ՝ հենց իրենց գյուղում՝ Մեղրիի Լեհվազ գյուղում։

«Ինքը նպատակներ շատ ուներ, ասում էր՝ պիտի հյուրանոցներ սկսեմ, սրճարաններ»,- հուզվում է մայրը։

Վազգենը շատ կատակասեր էր, բարեկամասեր, ընկերասեր․ «Ինքը ուրիշ ձևի էր, անգամ որ հարձակվել են իրանց խրամատի վրա, հրամայել են՝ ուրիշ տղա գնա, ինքը չի թողել, ասել ա՝ ինքը փոքր-մոքր ա, թող ես դուրս գամ, ինքն ա դուրս եկել»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am