Լիտվայի բնապահպանական փորձի ներկայացում Հայաստանում 

Նոյեմբերի 14-ին «Ինվայըրմենթ գրուփ» (Environmental Group) կազմակերպությունը Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության  հետ համատեղ կազմակերպել էր «Դեպոզիտային համակարգի ներդրման աջակցություն պլաստիկե և ապակյա տարաների համար» աշխատաժողովը: Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Անդրիուս Պուլոկասը:

Ծրագրի շրջանակներում պետական, հասարակական և ակադեմիական կառույցների ներկայացուցիչներին է ներկայացվել պլաստիկե և ապակյա տարաների դեպոզիտային համակարգի Լիտվայի փորձը, ինչպես նաև քննարկվել Հայաստանում այդ համակարգի ներդրման հնարավորությունները:

Դեպոզիտային համակարգի դեպքում գնորդները շշալցված տարաներով ըմպելիքներ գնելիս վճարում են շշերի համար կանխավճար, այնուհետև շշերը վերադարձնում առևտրի կետերում հատուկ դրա համար նախատեսված ավտոմատներ՝ հետ ստանալով վճարված գումարը: Վերջին տարիներին Լիտվայում ներդրված այս համակարգի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել շշերի ավելի քան 90% վերադարձ:

Աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության թափոնների կառավարման փորձագետ Վակլովաս Բաջորինասը, Լիտվայի դեպոզիտային համակարգի ղեկավար Գինտառաս Վառնասը և ծրագրի հայաստանյան գործընկեր, «Ինվայըրմենթ գրուփ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Էրիկ Գրիգորյանը:

Ծրագրի արդյունքներով կմշակվեն առաջարկություններ, որոնք կներկայացվեն պետական մարմիններին՝ համակարգի հետագա զարգացման համար: