Վաղը՝ հունիսի 12-ին, ժամը 11:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կազմակերպում է ցույց նախագահական նստավայրի առջև` Մարիամ Գեւորգյանի գործի առնչությամբ:
Ցույցի ժամանակ փոխանցվելու է երկու նամակ` բողոք ուղղված դատավորի գործողություններին եւ պահանջ նման դատավարությունները բաց իրականցնելու:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 14-ին Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում անցկացված 20-ամյա Մարիամ Գեւորգյանի գործով դատավոր Արմեն Պեկթաշյանի՝ դատավարությունը դռնփակ անցկացնելու որոշումը վրդովեցրել էր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամներին:
Դատարանի որոշման համաձայն, նիստն անցկացվել էր դռնփակ նաեւ հունիսի 5-ին ու այսուհետ անցկացվելու է դռնփակ:
Հիշեցնենք, որ քրեական գործի համաձայն՝ Մարիամի սկեսուր Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգումների էր ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Նա Զիրոյանի հետ ամուսնացել էր 2009 թվականի նոյեմբերին եւ 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի ու կտտանքների էր ենթարկվել:
Կոալիցիայի անդամների համոզմամբ, բաց դատավարությունը կնպաստի առավել արդարացի դատավճիռ կայացնելուն, իսկ հասարակությունը տեղյակ կլինի ընտանեկան բռնությունների ոլորտում կատարված հանցագործությունների մասին, ինչը կնպաստի նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Արտաշատում:
Կոալիցիան բաղկացած է 7 հասարակական կազմակերպություններից, որոնց նպատակն է Հայաստանում կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունները:
© Medialab.am