Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիների ընթացքում հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ջերմ ողջույնները: Դեսպանը շեշտել է, որ իր գիտելիքներն ու եռանդը կծառայեցնի երկու երկրների ավանդական բարեկամական ու եղբայրական հարաբերությունները զարգացնելուն և դրանց նոր որակ հաղորդելուն:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում կա չիրացված մեծ ներուժ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Բելառուսի միջև փոխգործակցության ընդլայնմանն արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, սննդի անվտանգության և այլ ոլորտներում: Խոսվել է նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։