Զինվորական կոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացու մահ չի արձանագրվել․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Անհիմն պատճառահետևանքային կապերի շեշտադրմամբ՝ մամուլում տեղեկություններ են տարածվում ՀՀ ԶՈՒ չզորակոչված քաղաքացի Է. Հ.-ի մահվան պատճառների վերաբերյալ, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինվորական կոմիսարիատում առկա փաստաթղթերի համաձայն՝ զորակոչիկը ինչպես զինվորական հաշվառման, այնպես էլ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրվել է ստացիոնար հետազոտության և իրավասու հանձնաժողովների կողմից գտնվել է բժշկական փորձաքննության փուլում։

Քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու և փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք քաղաքացու մահվան վերաբերյալ չհիմնավորված պատճառահետևանքային կապեր չարծարծել:

Պաշտպանության նախարարությունը ցավակցում է մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին և հարազատներին»: