Աշոցքում բուք է. մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Մարտունիի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Նաիրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 

Առատ ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ 

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի տրանսպորտային հանգույցից մինչև Քաղսիի տրանսպորտային հանգույց ճանապարհահատվածը, Սպիտակի լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ ճանապարհահատվածը կարող են երթևեկել միայն անվաշղթաների օգտագործմամբ։ 

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Աշտարակի, Նաիրիի, Աբովյանի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: