«Ազգային ժողովում բոյկոտը չպետք է վերածվի պերմանենտ հակապետական գործունեության». Վլադիմիր Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, խորհրդարանական ընդդիմադիր ձեր գործընկերները հայտարարել են, որ աշնանային նստաշրջանի խորհրդարանական աշխատանքներին ևս չեն մասնակցելու։ Ի՞նչ իրավական, քաղաքական հետևանքներ, խնդիրների է հանգեցնելու ընդդիմության այս որոշումը։

– Մտացածին մի օրինակ պատկերացնենք․ ինչ-որ մի երկրի խորհրդարանում կա փոքր խմբակցություն, որը խորհրդարանական ընդդիմության մաս է կազմում ու որոշել է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները։ Ի՞նչ պետք է արվի իրավական առումով․ բոյկոտը վերջիններիս իրավունքն է, բայց բոյկոտը չի կարող լինել անսահմանափակ ու չի կարող դիտարկվել որպես աշխատանքի բացակայություն որևիցե եղանակով, բայց խորհրդարանական ժողովրդավարությունը պահանջում է հետևյալը, որ ցանկացած քաղաքական խմբի, ցանկացած ընդդիմադիր ուժի գործողությունների նկատմամբ որոշակի հարգանք դրսևորվի, ու, հարգանքից ելնելով, և, որոշակի առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ի վերջո, մենք փորձում ենք ամրապնդել խորհրդարանական ժողովրդավարությունը, հանդուրժողականության շեմը շատ ավելի բարձր է, քան կլիներ այլ երկրներում։ 

Խորհրդարանական ընդդիմությունը իրավունք ունի բոյկոտելու, ի՞նչն է բոյկոտում․ բոյկոտել կարելի է նիստը, հարցը, ինչ-որ հանձնաժողովների աշխատանքհ, բայց չի կարելի ընդհանրապես չաշխատելը դիտարկել որպես բոյկոտի տարատեսակ։ Ես ևս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չպետք է մոռանա, որ ստացել է քաղաքացիների կողմից լրջագույն մանդատ՝ ներկայացնելու վերջիններիս շահերը։ Այդ մարդիկ ընտրողների փոքրամասնություն են կազմել, բայց խորհրդարանական ժողովրդավարությունը պահանջում է, որ այդ փոքրամասնության շահերը ևս հաշվի առնվեն։ Բոյկոտը անհամաձայնություն է Կառավարության, խորհրդարանական մեծամասնության գործողություններին, բայց այն չպետք է վերածվի պերմանենտ հակապետական գործունեության։

Խորհրդարանական մոդելը ներկայիս ընդդիմության կողմից ներդրված ու սատարված մոդելն է, և արդար կլինի, որ գան ու պաշտպանեն այն։ 

– Իսկ իրավական ի՞նչ լծակներ կան, որոնցով կարելի կլինի դադարեցնել այդ անժամկետ բոյկոտը, որովհետև ստացվում է, որ ընդդիմությունը չի աշխատում, բայց դրա համար հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում։

– Դուք գիտեք, որ խորհրդարանը Սահմանադրական դատարան չդիմեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մենք պետք է հնարավորություն տանք, որովհետև այս գործընթացները ոչ միայն իրավական են, այլ նաև քաղաքական, բայց իրավիճակն անվերջ չի կարող շարունակվել, ու եթե մարդիկ չեն ուզում աշխատել, ինչ-որ եղանակով պետք է, չեմ ուզում օգտագործել «պատիժ» եզրույթը, բայց պետք է պատասխանատվություն կրեն, ու դա պետք է լինի քաղաքական պատասխանատվություն իրենց ընտրողների նկատմամբ։ 

Հիմա չեն գալիս, դա լավ չէ, լավ չէ նախևառաջ իրենց համար, բայց չգալը որևիցե եղանակով չպետք է խոչընդոտի խորհրդարանի աշխատանքների իրականացումը։ Մենք իրականացնելու ենք խորհրդարանական բնականոն գործունեություն, այլ տարբերակ ես չեմ տեսնում ու չպետք է տեսնեմ, այո՛, խորհրդարանը կարծիքների բախման տեղ է, ու մարդիկ պետք է գան և ունակ լինեն պաշտպանել իրենց կարծիքը։ 

– Իսկ այդ պարագայում խորհրդարանական աշխատանքները որքանո՞վ եք արդյունավետ համարում, որովհետև ստացվում է՝ մեծամասնությունն ինչ ուզում, այն էլ անում է, պարո՛ն Վարդանյան։

– Կներեք, բայց խորհրդարանական ընդդիմությունը նախատեսված է նրա համար, որ քննադատի իշխող ուժին, ներկայացված նախագծերը, բովանդակային քննարկում լինի, իսկ նրանք բացարձակապես չեն ուզում բովանդակային քննարկում ծավալել, ու այս պարագայում չպետք է մեղադրել իշխանությանը նրա համար, որ վերջինս փորձում է ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը։ 

Խորհրդարանում բոյկոտը, այսինքն՝ հարցի, նիստի քննարկմանը չմասնակցելը, շատ նորմալ եմ համարում, բայց եթե պերմանենտ դասից փախչելու կարգավիճակ է, կներեք, որևիցե լավ բանի չի հանգեցնելու, նախևառաջ՝ այդ քաղաքական ուժերի համար։

– Իշխանական խմբակցությունն ի՞նչ է պատրաստվում անել, Սահմանադրական դատարան դիմելո՞ւ եք։

– Խորհրդարան չվերադառնալը մեծամասնության խնդիրը չէ, դա խորհրդարանական ընդդիմության խնդիրն է, նրանք պետք է հասկանան, որ եթե իրենք խորհրդարանական մանդատ են վերցրել ու օգտվում են դրա առավելություններից, նաև պետք է կրեն այդ մանդատից կախված պատասխանատվության բոլոր ռիսկերը։ 

– Դե հիմա այդ մարդիկ ասում են՝ «իշխանական մեծամասնությունը ժամանակավրեպ, ոչ օրակարգային հարցեր է քննարկում», ու չեն պատրաստվում մասնակցել խարհրդարանի աշխատանքներին։

– Իհարկե շատ գեղեցիկ ձևակերպումներ կարելի է տալ, բայց գալիք լիագումար նիստերի օրակարգում ունենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի և ՍԴ երկու դատավորի ընտրություն, այդ անձինք պաշտոնավարելու են, համապատասխանաբար, մինչև 12 տարի ժամկետով, այսինքն՝ առնվազն 2 ու գուցե 3 խորհրդարանից հետո նոր նրանք վերընտրվելու են, այսինքն՝ մենք ճարտարապետում ենք Հայաստանի առաջիկա 10-12 տարվա հեռանկարը, ու, չգալով այդ նիստերին, իրենք որևիցե եղանակով չեն մասնակցում մեր երկրի ապագայի կերտմանը։ Մեզ ասում են՝ արհեստական օրակարգ է, մեր օրակարգը Հայաստանի փրկությունն է, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանին փրկիչ պետք չէ, աշխատող է պետք, մարդ, որ պարզապես աշխատի։ 

– Պարո՛ն Վարդանյան, այսինքն՝ հիմա իրավիճակը մնալու է նո՞ւյնը, էլի կրկնեմ հարցս՝ ՍԴ կամ այլ քայլի դիմելո՞ւ եք։

– Ինչը չեմ սիրում մեր լրատվության ոլորտում՝ դուք հարցը տվել եք, ես հարցին պատասխանել եմ: Իմ կարծիքով՝ շատ ավելի խոր, իրավական լուծումները միշտ կան, բայց իրավական լուծումները քաղաքական դաշտում պետք է բերեն նաև քաղաքական համերաշխության ու ժողովրդավարական լուծումների։

Այո՛, դասից փախչելու համար կարող են նաև դպրոցից հեռացնել, բայց մեր նպատակը ոչ թե դպրոցից հեռացնելն է, այլ նպատակն է, որ մարդը կարողանա որոշակի արդյունք ստեղծել ու դա բերել երկրի բարեկեցությանը։

– Բայց այդ մարդիկ բացահայտ ասում են, որ չեն աշխատելու ձեզ հետ, ձեր օրակարգով։

– Դե հիմա ի՞նչ եք ուզում ինձանից, զանգեք խմբակցության ղեկավարներին, իրենցից ճշտեք ինչ-որ կա, ես ասացի մեր դիրքորոշումը։

– Այսինքն՝ խմբակցությունում նման քննարկում չի՞ եղել։

-Կրկին ձեզ ասում եմ՝ ժողովրդավարական պետության գործունեության առանձնահատկություններից մեկը հանդուրժողականությունն է, ու այդ հանդուրժողականությունն է, որ մեր քաղաքացուն դարձնում է քաղաքացի։ Այո՛, մենք հանդուրժող ենք, բայց դրա գավաթն անսպառ չէ, բայց եթե նույնիսկ մի փոքր հնարավորություն կա, որ առկա խնդիրները ստանան իրենց տրամաբանական լուծումները, պետք է գնանք այդ ճանապարհով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am