Մոսկվան և Անկարան նախապատրաստում են Պուտինի այցը Թուրքիա. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները կհայտարարվեն, հենց երկրների ղեկավարները համաձայնեցնեն դրանք, կողմերի բանակցություններն օրակարգում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ, իրոք, ռուս-թուրքական բարձր մակարդակի շփումներն օրակարգում են, դրանք  պատրաստվում են: Հենց նախագահները վերջնականապես համաձայնեցնեն այցի ժամկետները, մենք անմիջապես ժամանակին կտեղեկացնենք ձեզ», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակնկալվում է, որ Պուտինի այցը կկայանա փետրվարի 12-ին։ Այդ մասին հունվարի 20-ին հայտնել էր Türkiye թերթը՝ վկայակոչելով աղբյուրների։

Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ ծրագրում է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել  տարեսկզբին․ մինչ այդ ղեկավարների հանդիպումը չստացվեց Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով: