«Մեզ համար հասկանալի չէ, թե ինչի հետ է կապված զենքի մատակարարման մրցույթը չեղարկելու վերաբերյալ Հայաստանի Պաշտպանության նախարարության որոշումը կամ ինչն է ազդել դրա վրա»,- այս մասին ասաց ռուսական ORSIS ընկերության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մի քանի միլիոն դոլար արժողությամբ զինտեխնիկայի մատակարարման մրցույթը չեղարկելու մասին տեղեկությունը: «Մեզ համար դժվար է հիմա մեկնաբանել հետագա քայլերը:
Քրեական գործ է հարուցվել, քննություն կլինի: Կցանկանայինք սպասել քննության ավարտին»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց ընկերության ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց, որ խնդրի շուրջ պարզաբանում ստանալու խնդրանքով դիմել են նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդին:
«Մենք դիմել ենք նաև Մոսկվայում ՀՀ ռազմական կցորդին՝ խնդրելով մեկնաբանել ստեղծված իրավիճակը, բայց ո՛չ ընթացիկ իրավիճակի, ո՛չ հետագա քայլերի հետ կապված հասկանալի բացատրություն չենք ստացել: Մենք ստացանք պատասխան, որը մեզ համար հասկանալի և ընդունելի չէ, քանի որ չի համապատասխանում իրականությանը: Այսինքն՝ որ ընկերությունը, իբր, ոչ բոլոր փաստաթղթերն է ներկայացրել, որոնք հաստատում են որակի չափանիշներին համապատասխանությունը: Դա ճիշտ չէ»,- պնդեց ORSIS-ի ներկայացուցիչը: ORSIS-ը տարիներ շարունակ Երևանին զենք ու սպառազինություն է մատակարարել: Ընկերությունում պնդում են, որ հիմա «սև ցուցակում են» հայտնվել:
Ռուսական աղբյուրի համաձայն՝ չի բացառվում, որ ստեղծված իրավիճակի արդյունքում խափանվի Հայաստանում փամփուշտներ արտադրող գործարանի շինարարության նախագիծը, որը պետք է կառուցվեր ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է:
Հայաստանում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ չգիտեն, թե ինչու է ՀՀ ՊՆ-ն ռուսական ընկերությանը «սև ցուցակում» ներառել:«Մենք դեռ դատական հայցը չենք ստացել, չգիտենք՝ ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունը որոշել ORSIS ընկերությանն ընդգրկել «սև ցուցակում»։ Մենք էլ որոշեցինք պատասխան հայցով չդիմել դատարան, չընկնել դատական քաշքշուկների մեջ, որը կարող է ձգվել տարիներ՝ այդ ընթացքում ընկերությանը զրկելով այլ մրցույթների մասնակցելու հնարավորությունից։ Այս խնդիրներից խուսափելու համար մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայությանը»,- տեղեկացրեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարության և ORSIS ընկերության միջև զինտեխնիկայի մատակարարման մրցույթի չպատճառաբանված չեղարկումը կապված է «բացառապես չինովնիկական անգրագիտության հետ»։ Ալեքսանդր Սիրունյանը նաև հավելեց, որ ՀՀ Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայությանը իր ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածով, քանի որ, իր համոզմամբ, զենքի գնման մրցույթի տապալումը ուղղակի վնաս է մեր Զինված ուժերին:
«Անկախ նրանից, թե ով է մեղավոր, պետք է պատասխանատվություն կրի: Իսկ այս դեպքում ինչ-որ մեկը սխալվել է, ինչը բերել է նրան, որ ռազմամթերքի հայտարարված խմբաքանակը մեր բանակին չի հասել և հասնելու է ուշացումով: Դասագիրք կամ գրիչ չենք գնում, որ կայանա կամ չկայանա մրցույթը: Մրցույթի ձախողումը կապում եմ չինովնիկական «հին» մտածելակերպի հետ, բայց բանակի ղեկավարության դերակատարությունը մրցույթը տապալելու մեջ բացառում եմ»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը։
Նշենք, որ զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով Հայաստանում քրեական գործ է հարուցվել՝ «ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի» հիմքով: Լուրն այսօր հրապարակել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հրապարակման վերաբերյալ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր. «Պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն չի կարող հայտնել նշված հրապարակման մասին, քանի որ այս հարցը գտնվում է գաղտնիության շրջանակում: Բացի այդ՝ մեկնաբանություն չի կարող տրվել մի գործի մասին, որը գտնվում է նախաքննության փուլում»: Factor.am-ին նույնաբովանդակ պատասխան էր տվել նաև ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: