Ծրագրվում է արգելել դպրոցների մոտ մեքենաների կայանումը. Փոխոստիկանապետ

Այսօր խորհրդարանում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին ներկայացրեց վարորդների մտահոգությունը. 

«Տեսեք՝ մի շաբաթ է, դպրոցները փակ են և երթևեկությունը քաղաքում կանոնակարգված է, հատկապես դպրոցների մոտ մեքենաների կուտակումներ չկան: Իսկ դասերի օրերին, շատ մամաների համար ժամանց է դառնում, երեխաներին տանել դպրոց ու իրենք գնան 4 ժամ քաղաքում պտտվեն, հետո գան վերցնեն երեխային ու այդպիսով անտանելի դարձնել մեր քաղաքում երթևեկությունը: Կա՞ հնարավորություն գոնե դպրոցների մոտ արգելել մեքենաների կայանումը»:

Ի պատասխան Ֆիդանյանը համաձայնեց, որ դպրոցների դիմաց առանձին ժամերին մեքենաների կուտակումները շատ են և հավելեց, որ քննարկվում է դպրոցների դիմաց կայանելը արգելելու հնարավորությունը: 

«Բայց այդ ծրագիրն իրագործելու համար մեզանից երկար ժամանակ է պահանջվելու, քանի որ պետք է խորությամբ վերլուծել, թե որ հատվածներն են հատկապես նման վիճակում, որովհետև կարող է դպրոցների մոտ արգելենք, բայց 100 մետր այն կողմ նման կուտակում առաջանա: Հետևաբար այստեղ ևս էական վերլուծություն է անհրաժեշտ, և վստահ եմ՝ արդյունքների կհասնենք»,- հավելեց Ֆիդանյանը:

Արձագանքելով փոխոստիկանապետին ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հորդորեց տուգանքները խստացնել: