Արևմուտքը փորձում է Հայաստանը հակառուսական քաղաքականության գործիք դարձնել հետխորհրդային տարածքում․ ՌԴ ԱԳՆ. «Ազատություն»

«Մենք ուշադրություն ենք դարձրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարություններին, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ -ն։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Գերատեսչությունը նշել է, որ ռուսական կողմին «այլևս չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել իրենց բոլոր քայլերի հակառուսական բնույթը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում»։

«Բայց Հիպիի բացահայտումները նաև ուղղակի հաստատում են, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած գծի գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ։ Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար լուրջ մտածելու պատճառ է»,- ասված է ՌԴ արտգործնախարարության մեկնաբանությունում։

Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում, մասնավորապես հայտարարել էր ՄԹ զինված ուժերի նախարարը։