Հարթաշենի բնակիչը կալանավորվել է՝ համագյուղացիներից մեկին ծեծելու, իսկ մյուսի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար

2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 02:40-ից 03:10-ն ընկած ժամանակահատվածում, կտրած-ծակած մարմնական վնասվածքներով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն են ընդունվել Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 3 բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ Հարթաշեն բնակավայրի 21-ամյա բնակիչը 2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 00:30-ի սահմաններում, իր տան հարևանությամբ բարձր հնչող երաժշտությունն անջատելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ծեծել է հարևանին: Այնուհետև 21-ամյա երիտասարդը, «Սովխոզ» կոչվող տարածքի հարևանությամբ շարունակելով պարզաբանումները, մի խումբ համագյուղացիների հետ քաշքշուկի և փոխադարձ կռվի ընթացքում, իր մոտ պահած դանակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բազմաթիվ անկանոն հարվածներ հասցնելու եղանակով նույն համայնքի 18-ամյա երիտասարդին պատճառել է որովայնի առաջնային պատի, գոտկային և պոչուկային շրջանի ծակած-կտրած վերքեր, իսկ 30-ամյա համագյուղացուն դիտավորությամբ պատճառել է կյանքի համար վգանտավոր ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 118-րդ հոդվածով (ծեծը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին