Դա շատ վտանգավոր է․ Զախարովան՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Factor

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի բխում երկրի ազգային շահերից․ ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Դա շատ վտանգավոր է, քանի որ անվտանգության խնդիր է»,- ասել է Զախարովան: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին՝ երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ։ Զախարովան նշել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու, թե որ կազմակերպությունների հետ է ցանկանում զարգացնել հարաբերությունները՝ կախված կոնկրետ պատճառներից ու գործոններից։

«Ես  վստահ եմ, պարզապես ես նման տեղեկություն ունեմ, որ ինչ-որ տեղ Բրյուսելի տարածքում, այսպես ասած «տեղեկատվական ապուր» է պատրաստվել, որով հիմա փորձում են կերակրել Հայաստանի քաղաքացիներին, ինչ-որ առակներ հորինել ՀԱՊԿ-ի մասին:

ՀԱՊԿ-ից, իհարկե, երբեք վատ բան չի եղել»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Երևանն է որոշողը, սակայն այդ որոշումը չպետք է կայացնել «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա։