Լաչինի միջանցքի՝ ՌԴ խաղաղապահ զորքերին պատկանելու համաձայնությունը տվել է Փաշինյանը, թող տեր կանգնի իր ստորագրությանը. Գալստյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ իշխանությունը պահանջատիրություն դրսևորի՝ որպես շահառու։

«Իշխանությունը պետք է պահանջատեր լինի, ընդդիմությունն ու ժողովուրդը մշտապես են պահանջում, բայց իշխանությունը, չգիտես ինչու, կամուկացի մեջ է, չի կարողանում պահանջատեր լինել թե՛ Հայաստանի իշխանությունից, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, թե՛ Ռուսաստանից, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը բոլորիս հասկանալի է, ու նրա նպատակները բոլորիս համար են պարզ»,-«Մեդիալաբին» ասում է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ շուրջ չորս ամիս Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ապրիլի 23-ին, շրջանցելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։

«Անցակետի տեղադրումը նպատակ է հետապնդում խուճապ առաջացնել արցախահայության շրջանում, որ մարդիկ լքեն Արցախը։ Իշխանությունը պետք է հստակ ներկայացնի Արցախի ժողովրդի պահանջները, որը մենք ձևակերպել ենք երկու մեծ հանրահավաքի ժամանակ, այն է՝ եթե Հայաստանի իշխանությունը չի կարողանում առաջ տանել Արցախի ինքնորոշման հարցը, հրաժարվում է կամ, չգիտեմ, պարտավորված է թշնամի պետությունների առաջ, ապա Արցախի անունն ընդհանրապես թող չտան, քանի որ մենք տեսանք, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստ է ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանից հետո Ադրբեջանը հսկիչ-անցագրային կետ տեղադրեց»,- ասում է Դավիթ Գալստյանը։

Պատգամավորը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի առաջ Արցախի իշխանության կողմից պետք է հստակ ձևակերպված պահանջ դրվի․ «Կա՛մ դու առաջ ես տանում մեր ինքնորոշման իրավունքը, կա՛մ ոչ ոք քեզ թույլ չի տալիս խոսել Արցախի մասին»։ 

Դիտարկմանը, թե Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Լաչինի միջանցքը «պատկանում» է Ռուսաստանին, ու իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է վերջինս, իսկ մյուս հարցերը պետք է քննարկման առարկա դառնան Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփման շրջանակներում, Դավիթ Գալստյանն նշում է․ 

«Պատկանում է ՌԴ խաղաղապահ զորքերին, իսկ այդ պատկանելության համաձայնությունը տվել է Նիկոլ Փաշինյանը, փաստաթղթի տակ նրա ստորագրությունն է։ Թող տեր կանգնի իր ստորագրությանը»։

Ակնկալիքներ ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովից պատգամավորն այս պահին դժվարանում է ասել՝ ունի, թե չէ, որովհետև դեռ չի հանդիպել, իսկ թե ի՞նչ հարցեր է քննարկել երկրի նախագահը Լենցովի հետ հանդիպմանը, Գալստյանը տեղյակ չէ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am