«Խաղաղության խաչմերուկ»-ը կօգնի մեծացնել Հայաստանի և Ադրբեջանի՝ դեպի ծով ելքի հնարավորությունները․ Փաշինյան

Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է օգտակար լինել հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով էլեկտրահաղորդման գծերի, մալուխների, գազատարների կառուցման և անցման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։

Վարչապետն ասել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով Հայաստանի կառավարությունը իր մոտեցումներն ամբողջացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որն, ըստ էության, տարածարջանային կոմունիկացիաները բացելու մասին է և որն ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ:

«Ավելի քան երեսուն տարի Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են, ուստի այսօր մենք շատ ենք խոսում և քննարկում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններն ու տարածաշրջանային երկրներն են նշում տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու անհրաժեշտությունը: Շատ կարևոր եմ համարում արձանագրել այս հեղինակավոր լսարանում Հայաստանի պատրաստակամությունը շատ գործուն և կոնկրետ քայլեր իրականացնել մեր տրածաշրջանում կոմունիկացիաների բացման ուղղությամբ, ինչը գործնականում արտահայտված է մեր նախագծում։ Այսօր մենք հնարավորություն ունենք դեպի ծով դուրս գալ մեր բարեկամ հարևանների՝ Վրաստանի և Իրանի միջոցով: Այդուհանդերձ,  «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կօգնի մեծացնել Հայաստանի և Ադրբեջանի՝ դեպի ծով ելքի հնարավորությունները, նաև ընդհանուր առմամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների ավելի լայն հնարավորություններ կստեղծի, ինչպես նաև նշված ուղղություններով շատ էական հնարավորություններ կարող են բացվել նաև խողովակաշարերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի համար»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ այս ամենը հնարավոր է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն: