Սոթքի հանքավայրի շարունակական շահագործումն ապահովելու համար տարվում են աշխատանքներ. փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը վստահեցնում է, որ նախարարությունը ռուսական ընկերության հետ աշխատանքներ է իրականացնում՝ Սոթքի հանքավայրի շարունակական շահագործումն ապահովելու համար «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հանքի շահագործման, կրճատված աշխատակիցների ճակատագրին առնչվող հարցին:

«Առաջին իսկ օրերից մենք աշխատում ենք ռուսական կողմի հետ որպես լիազոր մարմին: Այս պահին ամեն ինչ արվել է և այսօր դեռ շարունակում է արվել՝ ամենշաբաթյա հանդիպումների և քննարկումների ինտենսիվությամբ: Այդ քննարկումներն իրականացվում են, աշխատանքները կազմակերպվում են, որ հանքի շահագործումը չդադարի, հանքավայրը շահագործվի ոչ միայն այս 1-2 ամսվա ընթացքում, այլ նաև հեռանկարում՝ առաջիկա տարիներին նույնպես, և դա իրականացվի մեր օրենսդրության տառին համահունչ»,-ասաց փոխնախարարը:

Պատգամավորը նկատեց, որ մոտ 300 աշխատակից աշխատանքից զրկվել է:

Անդրադառնալով սոցիալական կոմպոնենտին՝ Շուշանյանը նշեց, որ եթե ապահովվում է հանքի շարունակական շահագործումը, արտադրական պրոցեսը, ապա հիմնական կազմը շարունակում է աշխատել: Անդրադառնալով պատգամավորի հնչեցրած թվին՝ փոխնախարարն ասաց.

 «Մեր տվյալներով նույնպես 280 հոգի հնարավոր է որոշակի խնդիրներ ունենան աշխատանքի հետ կապված, սակայն այս պահին դեռևս այդ թիվը կարելի է չհնչեցնել, որովհետև նրանք չեն ազատվել»,-նշեց նա: Շուշանյանը վստահեցրեց, որ ընկերության հետ աշխատանքները շարունակվում են՝ հենց հիմնական անձնակազմը պահելու համար:

Արցախի պատերազմից հետո Սոթքի հանքավայրի տարածքի մի հատվածում ճշգրտում էր տեղի ունեցել: Սոթքի հանքավայրի մի մասն այժմ մնացել է ադրբեջանական հսկողության ներքո: