Սուրբ Հարության Ավետիս՝ Զատիկ. օրվա խորհուրդը

Հարության տոնը՝ Զատիկը տարվա ամենասիրված և ամենասպասված օրերից մեկն է։  Զատիկ նշանակում է զատում, բաժանում և հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Տոնը շարժական է և Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող առաջին կիրակի օրը, որը հանդիպում է  մարտի 22-ից  ապրիլի 26-ը ժամանակահատվածում։

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միություններն արդեն 10 տարի շարունակ ճրագալույցի պատարագի ավարտին «Հարության Ավետիս» կանթեղներով երթ են կազմակերպում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երթը մեկնարկում է առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու բակից և հասնում է մինչև Հանրապետության Հրապարակ։

Հարության տոնին նախորդում է մեծ պահքը, որը տևում է յոթ շաբաթ։ Մեծ պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ։ Այն իր մեջ խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը,   չարչարանքները, մահը և հարությունը:

Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Եվ ավագ  շաբաթ օրը երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս Հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Զատկի տոնի  ավանդական ուտեստներն են հավկիթը, ձուկը, չամիչով փլավը, իսկ ըմպելիքը՝ գինին։ Տոնին  նախորդող օրը հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը՝ խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ձուկը քրիստոնեության խորհրդանիշներից մեկն է, և առաջին դարերում քրիստոնյաները միմյանց ձկան նշանով են ճանաչել։ Բրնձով, չամիչով, չորամրգերով և ընկուզեղենով պատրաստված փլավը նույնպես տոնական սեղանի զարդն է։ Չամիչն ու չրեղենը խորհրդանշում են աշխարհի քրիստոնյաներին, իսկ բրինձը՝ համայն մարդկությանը։  Ընդունված է եղել Զատիկին զանազան հացեր պատրաստել՝ որպես առատության խորհրդանիշ։ Օրվան բնորոշ զվարճալի սովորություն է հավկթախաղը, որին անհամբեր սպասում են թե՛ մեծերը և թե՛ փոքրերը։ 

Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: