ԱԺ պատգամավորները և կառավարության անդամներն Արագածոտնում հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները և կառավարության անդամները Արագածոտնի մարզում հանդիպել են Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված հայրենակիցներին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ու Արագածոտնի մարզում բնակություն հաստատած հայրենակիցների հետ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 29–ին Աշտարակում:

Հանդիպմանը ընթացքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորները և կառավարության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, ներկայացրել նրանց բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրի մանրամասները։

Ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ նշելով, որ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական ապահովության հարցերը ՀՀ կառավարության օրակարգում են, և այսօրվա հանդիպման նպատակն է պաշտոնատար անձանց հետ անմիջական հարցուպատասխանի միջոցով բարձրացնել հայրենակիցների իրազեկությունը իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև արձանագրել նրանց հուզող հարցերն ու ուրվագծել դրանց լուծումները։

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշել է, որ ԱԺ-ում քննարկվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին վերաբերող տարաբնույթ հարցեր և մշակվում են օրենքներ, և շատ կարևոր է, որ պատգամավորները հենց առաջին ձեռքից տեղեկանան խնդիրների մասին, ինչի համար էլ նախաձեռնվել են այս ձևաչափի հանդիպումները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հակիրճ ներկայացրել է ԼՂ մեր հայրենակիցների համար իրականացված և իրականացվելիք ծրագրերը։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բնակարանային ապահովման ծրագրին, հանգամանալից ներկայացվեցին մանրամասները։

Այսպիսով, նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3-5 մլն դրամ՝ կախված բնակավայրից։

Առաջնահերթություն է տրվելու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, անչափահաս երեխաներ ունեցող զոհված զինծառայողների ընտանիքներին, խոցելի խմբերի ընտանիքներին։ Հաջորդիվ առաջնահերթությունը կտրվի 1 կամ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին,այլ խմբերի ներկայացուցիչներին։

Պաշտոնատար անձանց ելույթներին հաջորդել է հարցուպատասխանի մասը, որի ընթացքում քննարկվել են նաև մեր հայրենակիցների զբաղվածությանը և սոցիալական այլ խնդիրներին առնչվող հարցեր։