Հայաստան է ժամանել ֆրանսահայ դերասան և բեմադրող Սիմոն Աբգարյանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ապրիլի 8-ին հանդիպել է թատրոնի և կինոյի ֆրանսահայ դերասան և բեմադրող Սիմոն Աբգարյանի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անվանի արվեստագետն ստեղծագործական խմբով գտնվում է Հայաստանում և պատրաստվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացնել իր հեղինակած և բեմադրած «Էլեկտրան՝ գետնախորշերից» պիեսը: Այն գրված է հունական ողբերգության մոտիվներով և արժանացել է «Մոլիերի» երեք մրցանակի՝ «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում:

«Դուք մերօրյա երիտասարդ արվեստագետների համար ոգեշնչման աղբյուր եք, իսկ Ձեր անցած ճանապարհը՝ չափազանց ուսուցողական: Շատ ուրախ ենք, որ հայ հանրությունը Ձեր ստեղծագործությանը հաղորդակից դառնալու հնարավորություն կունենա»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ներկայացնելով Հայաստանում նախատեսվող ծրագրերը՝ Սիմոն Աբգարյանը նշել է, որէ պիեսը բեմադրվելու է Երևանում և Գյումրիում: Նոր նախագիծ է պլանավորվում նաև Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ:

«Արվեստագետներն էլ զինվորների պես պետք է միասնական լինեն՝ որպես մի առողջ մարմին՝ ցույց տալու, թե ինչ լուրջ ու կարևոր ոլորտ է թատրոնը: Պետք է ապահովել դերասանների շփումը և փորձի փոխանակումը՝ հատկապես երիտասարդների համար ինքնարտահայտման հնարավորություններ ստեղծելով»,- նշել է Սիմոն Աբգարյանը:Հանդիպման ընթացքում ԿԳՄՍփոխնախարարը համառոտ ներկայացրել է թատրոնի ոլորտում նախատեսվող պետական ծրագրերը, մասնավորապես՝ տոմսային միասնական հարթակ ստեղծելու և թատրոնի քննադատական մշակույթ ձևավորելու հեռանկարները:

Դանիել Դանիելյանը հաջողություն է մաղթել Սիմոն Աբգարյանիննոր նախաձեռնության մեկնարկի ճանապարհին և հույս հայտնել, որ Հայաստանում իրականացվող ծրագրերը կլինեն շարունակական: