Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։

Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է Մարկուս Ռիտերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ նշելով, որ այս հանդիպումը պատեհ առիթ է ծանոթանալու ԵՄ դիտորդական առաքելության առջև դրված խնդիրներին։

Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն է հայտնել առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ոտնձգություններն ու առաջադրվող պահանջները նոր անվտանգային մարտահրավերների առջև են կանգնեցնում Հայաստանին, նաև վտանգում խաղաղության հաստատման բանակցային գործընթացը։

Նորին Սրբությունը գնահատել է բոլոր այն ջանքերը, որ տիրող դժվարին իրավիճակում բարեկամ երկրների և միջազգային կառույցների աջակցությամբ ուղղվում են ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման։

Իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել դիտորդական առաքելության գործունեության և սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ կարելին ի գործ կդրվի առաքելության կողմից՝ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանն ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը։