«Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ». Սևակ Միքայելյանի ընտրական շտաբ

«Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ». Սևակ Միքայելյանի ընտրական շտաբ
«Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ». Սևակ Միքայելյանի ընտրական շտաբ

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տոտալ հարձակում է եղել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի և նրա ընտանիքի հանդեպ:

Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը:

«Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբն ի սկզբանե որդեգրել էր քաղաքակիրթ գործելաոճ, ինչին և հավատարիմ է մնացել ողջ քարոզարշավի ընթացքում: Սակայն նույնը չենք կարող ասել Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածուի մասին: Մասնավորապես, շահարկվում է, թե իբր ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանում օգտագործում է ինչ-որ լծակներ:

Հայտարարում ենք, որ Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ,1999 թ.-ից պայքարում է հանուն արդարության, միշտ եղել է ժողովրդի պայքարի առաջնագծում, մեծ ներդրում ունի թավշյա հեղափոխության հաղթանակի կայացման մեջ և երբեք իրեն թույլ չի տա օրենքի որևէ խախտում»,- ասված է հայտարարության մեջ:

Սեւակ Միքայելյանի շտաբի հայտարարության մեջ նշում են, թե իրենք պահանջում են մերկապարանոց հայտարարություններ չանել և խոսել փաստերով:

«Հավելենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, քվեարկության օրը մյուս թեկնածուի կողմից մամուլում հնչել են հայտարարություններ, որոնք ՀՀ ընտրական օրենսգրքի ակնհայտ խախտում են՝ պարունակում են հակաքարոզչություն: Փաստի առթիվ ակնկալում ենք ՀՀ Կենտրոնական ընտական հանձնաժողովի արձագանքը: Կոչ ենք անում հարգել ՀՀ ընտրական օրենսգիրքը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սեւակ Միքայելյանը Նիկոլ Փաշինյանի «Քաաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է:

Ինքը` Փաշինյանը, եւ իր կուսակցությունը, ի տարբերություն Հայաստանի մյուս քաղաքների, Հրազդանում որեւէ թեկնածուի չեն սատարել: