Հակոբ Ասլանյանի միջադեպով անցնող ձերբակալված քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին տեղեկությունն ուսումնասիրվում է․ ՆԳՆ խոսնակ. Factor

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ նախօրեին հանրային տրանսպորտում տեղի ունեցած դեպքի մասնակից Սամվել Վարդանյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նրան ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս ճանապարհին մի խումբ դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել։ Թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, նա որոշ մանրամասներ է ներկայացրել։

«Քաղաքացուն տեսակցած իմ գործընկերներից և փաստաբաններից տեղեկացա, որ ոստիկանական ավտոմեքենան ՀՀ քննչական կոմիտեի շենքից մոտ 300 մետր հեռավորության վրա կանգնեցվել է՝ ոստիկանների բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, քաղաքացին միայնակ մնացել է ոստիկանական ավտոմեքենայի մեջ։ Հանկարծ այդ ընթացքում մի քանի դիմակավորված անձինք (ինձ հայտնի չէ` ոստիկաններ են, թե քաղաքացիներ) անմիջապես քաղաքացուն դուրս են հանել ոստիկանական ավտոմեքենայից և սկսել դաժան ծեծի ենթարկել, սպառնալիքներ հնչեցնել նրա հասցեին»,- փոխանցել է պատգամավորը։

Ահազանգի վերաբերյալ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՆԳՆ-ից։ Նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ տեղեկությունն ուսումնասիրվում է։

Հիշեցնենք, որ նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ հանրային տրանսպորտում տեղի ունեցած դեպքի մասնակից Սամվել Վարդանյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով։