«Չեմ կարծում, թե առաջիկա ամիսների ընթացքում նոր էսկալացիայի վտանգը մեծ է, որովհետև կատարվում են Ադրբեջանի բոլոր պահանջները». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

 – Պարո՛ն Գրիգորյան, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը սահմանին ի՞նչ է տալու Հայաստանին, ու ինչո՞ւ է Ադրբեջանը, ըստ էության, դեմ այդ առաքելությանը։

– Այդ քայլն առաջին հերթին ուղղված է տարածաշրջանում կամ հայ-ադրբեջանական սահմանին կայունության ապահովմանը։ Տեսանելի է, որ Հայաստանն այս փուլում փորձում է դիվանագիտական գործիքակազմն օգտագործել Ադրբեջանի նոր ագրեսիաները կանխելու համար, ու այս առաքելության տեղակայումը սահմանին նման քայլերից մեկն է։ Սա ինչ-որ չափով նաև հնարավորություն է տալու ապագայում ավելի հասցեական արձագանք ակնկալել նույն Եվրամիության կամ Եվրամիության անդամ պետությունների կողմից, եթե Ադրբեջանը, այնուամենայնիվ, անտեսի դիտորդների առկայությունը սահմանին և նոր հարձակում սկսի Հայաստանի դեմ։

Հանգամանքը, որ երկու ամսով է տեղակայվում առաքելությունը, խոսում է այն մասին, որ տեղակայումը չի կարող երկարատև երաշխիք համարվել, սակայն առնվազն առաջիկա ամիսների ընթացքում, երևի, տարածաշրջանում կամ հայ-ադրբեջանական սահմանին որոշակի կայունություն կապահովվի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արձագանքին, ապա բնական է, Ադրբեջանն այն կողմն է, որ անընդհատ փորձում է ռազմական էսկալացիաների միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրել, և միջազգային դիտորդների տեղակայումը սահմանին, բնականաբար, չի բխում իր շահերից, այսինքն՝ դա ինչ-որ չափով նվազեցնում կամ փոքրացնում է իր գործիքակազմը։

– Կարծում եք՝ Ադրբեջանին կկաշկանդի՞ առաքելության ներկայությունը, եթե նկատի ունենանք, որ ամեն օր ադրբեջանական կողմը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ։

– Իհարկե հավանական է, որ նույնիսկ առաքելության տեղակայումը չի կանխելու Ադրբեջանի նոր հարձակումները, բայց այս փուլում պարզ չէ, թե ինչու Ադրբեջանը պետք է նմանօրինակ գործողությունների դիմի, որովհետև, ինչպես տեսանք, Պրահայում, մեծ հաշվով նաև հանդիպումից հետո հայտարարվեց՝ Հայաստանը համաձայնել է մինչև տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիր, ինչպես նաև ավարտին հասցնել սահմանազատման գործընթացը, այսինքն՝ կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները։

Եթե Ադրբեջանը նկատի, որ Հայաստանը փորձում է խուսափել այդ պայմանավորվածությունների կատարումից, միգուցե գնա նմանօրինակ քայլերի ու նաև ցույց տա, որ նույնիսկ միջազգային ներկայությունը սահմանին երաշխիք չէ Հայաստանի համար, որ հարձակումներ չեն լինելու, բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, թե առաջիկա ամիսների ընթացքում նոր էսկալացիայի վտանգը մեծ է։

– Պարո՛ն Գրիգորյան, այդ պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ որքանո՞վ եք հավանական համարում, երբ կոմունիկացիաների բացման մասով կողմերը կարծես թե ընդհանուր հայտարարի չեն գալիս, թուրք-ադրբեջանական տանդեմն էլ շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին։

– Դրանք տարբեր գործընթացներ են: Գիտենք, որ խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած սկզբունքներից մեկը կոմունիկացիաների բացման մասին է, բայց խաղաղության պայմանագրի օրակարգն ու ապաշրջափակման օրակարգն ամբողջությամբ տարբեր գործընթացներ են, այսինքն՝ խաղաղության պայմանագրի պարագայում չկա խոչընդոտ, պարզապես այնտեղ կողմերը նշելու են, որ կոմունիկացիաները պետք է բացվեն, բայց կոնկրետ պայմանավորվածություններ սպասել խաղաղության պայմանագրով կոմունիկացիաների բացման ուղղությամբ չարժի, ու դա է պատճառը, որ այս գործընթացում լուրջ խոչընդոտներ չկան, իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։

Այսօր կողմերը, կարծես թե, գնում են այդ պայմանագրի ստորագրման ուղղությամբ, իսկ ինչ վերաբերում է ապաշրջափակման գործընթացին, ապա սա այլ գործընթաց է: Ինչպես արդեն ասացի, հավանականություն կա, որ Հայաստանը կստորագրի այդ պայմանագիրը, որից հետո Ադրբեջանը կշարունակի ուժային ճնշում գործադրել, որպեսզի այսպես կոչված ապաշրջափակումը տեղի ունենա իր պատկերացրած ձևով, ինչն իհարկե ապաշրջափակում չի լինելու, լինելու է Հայաստանին ինչ-որ պահանջների պարտադրում։

– Այսինքն՝ հավանակա՞ն եք համարում, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կկնքվի։

– Այո՛, տարբեր պաշտոնատար անձինք բաց տեքստով հայտարարում են այդ մասին, մեծ հաշվով, ինչպես արդեն նշեցի, Հայաստանն ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները։

– Այդ պահանջներից մեկն էլ Արցախի՞ մասին է, որ պայմանագրում ոչ մի բառ չպետք է լինի Արցախի մասին։

– Դե, պահանջը հենց դա է, որ Արցախին ու արցախյան հակամարտությանն առնչվող որևէ կետ չպետք է լինի այդ պայմանագրում, Երևանն ամիսներ շարունակ փորձում էր դիմադրել, նշում էր, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը, ժողովրդի իրավունքների ու կարգավիճակի հարցը, բայց Ադրբեջանը ռազմական ճնշման միջոցով հասավ նրան, որ Երևանը հիմա հայտարարում է, որ դրանք տարբեր գործընթացներ են, ու պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրելու ադրբեջանական այդ հինգ սկզբունքների հիման վրա։

– Պարո՛ն Գրիգորյան, ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են պնդել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը՝ անտեսելով Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշո՞ւմն այդ հարցի վերաբերյալ։

– Հայտարարություններով դժվար է փոփոխել այնպիսի խաղացողների գործելաոճը, ինչպիսին են Թուրքիան ու Ադրբեջանը, այսինքն՝ նրանք հստակ լծակներ ունեն մեր տարածաշրջանում ու օգտագործում են դրանք, քանի դեռ ինչ-որ հակակշիռ լծակներ չկան: Պարզ է, որ միայն հայտարարություններով դժվար է կանգնեցնել նրանց։

Այստեղ անհասկանալի է նաև, թե որն է Ռուսաստանի դիրքորոշումը, որովհետև մի կողմից պաշտոնապես հայտարարվում է, որ ապաշրջափակման գործընթացում պետք է պահպանվի ինքնիշխանության ու փոխադարձության սկզբունքը, սակայն Հայաստանի իշխանության ներկայացուցիչները տարբեր հանդիպումների ընթացքում գուժում են, որ ռուսական կողմից այլ ուղերձներ են ստանում:

Այս առումով պարզ չէ, թե ինչ է ցանկանում Ռուսաստանը, բայց, ընդհանուր առմամբ, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն այս քաղաքականությունը, այսինքն՝ ամեն գնով Ադրբեջանին խաղաղեցնելու քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, խաղաղության պայմանագիր են ստորագրելու, իսկ դրանից հետո Ադրբեջանը նոր պատերազմով սպառնալու է՝ պահանջելով հենց այդ միջանցքի տրամադրումը։

– Եթե իրադարձությունները զարգանան ձեր նշած սցենարով, այդ դեպքում Իրանը կոնկրետ գործողությունների կդիմի՞, թե՞ կշարունակի մնալ հայտարարությունների մակարդակում։

– Ես իրանագետ չեմ, չեմ կարող ասել, բայց 2020 թվականից սկսած, հետևելով Իրանի պահվածքին, մենք տեսնում ենք, որ Թեհրանը հիմնականում սահմանափակվում է հայտարարություններով և ուժի ցուցադրման ինչ-որ ակցիաներով, որից անդին առարկայական քայլեր չենք տեսել մինչ օրս։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am