Կառուցվում են ևս քսանչորս նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց

Կառավարությունն ընդունեց սպանդանոցների կառուցման վերաբերյալ նոր որոշում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ճշգրտումներ են կատարվում գործող աջակցության ծրագրերում:

«Մենք առաջարկել ենք փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն:

Առաջին՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, երկրորդ՝միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում և երրորդ՝ մոդուլային սպանդանոցների կառուցման  ֆինանսավորում:

Այսինքն՝ մենք այս երեք փոփոխությունները կատարելով, հիշում ենք նաև, որ ունենք ևս երկու աջակցության գործիք, որոնք կարող են օգտագործել այս գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները:

Դրանցից առաջինը՝ եթե շենք է կառուցվում, առանձին վարկավորման գործիք ունենք, կարող են օգտվել դրանից: Եթե կենդանիներ տեղափոխելու համար տրանսպորտային միջոց է անհրաժեշտ, ապա ունենք մեկ այլ ֆինանսավորման գործիք նույնպես»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ այս աջակցության գործիքների միջոցով մեծ մասամբ ծածկվում է այն անհրաժեշտությունը, որը կազմակերպությունները կարող են ունենալ՝ իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար:

«Նաև կողմնորոշիչ քարտեզ ենք փորձել ձևավորել, թե Հայաստանում որտեղ կարող է հաջորդ վեց ամսում առաջանալ սպանդանոցներ ունենալու պահանջ: Հանրապետությունում ներկայում կառուցվել են 38 սպանդանոցներ, որոնցից 20-ը, կարելի է ասել, ներտնտեսային նպատակով գործողներ են:

Խոշոր ֆերմերային տնտեսությունները գերադասում են ունենալ իրենց սպանդանոցները, մնացած 18-ը հանրապետության տարբեր մարզերում ծառայություններ են մատուցում երրորդ անձանց:

Ներկայում կառուցվում են ևս 24 նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց: Եվ երբ մենք մոտավոր քարտեզ էինք փորձում ձևավորել, ապա 36 նոր կառուցվող սպանդանոցներ կարող են լինել հաջորդ ամիսների ընթացքում, 24-ը կառուցման ընթացքում են արդեն, և այդ 24-ից 12-ն արդեն համընկնում են այդ 36-ի տեղակայմանը:

Այսինքն՝ կան ևս 24 կետեր, եթե մեկը ցանկանում է հիմնել սպանդանոց, ապա հաջորդ ամիսները հենց դրա համար են»,- հավելեց նախարարը:

Կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ երբ ունենալու ենք շարժական սպանդանոցներ, ապա դրանք ֆիզիկական տեղաբաշխվածության խնդիրը կմեղմացնեն, ասաց նա: Ըստ նախարարի՝ դա չի նշանակում, որ ֆինանսավորումը սահմանափակվելու է հենց այդքան նախաձեռնությունների համար:

«Ֆինանսավորելու ենք այնքան, որքան դրա կարիքը կլինի և որքան մասնավոր հատվածում գործող կազմակերպությունները կգտնեն, որ իրենք ցանկանում են զբաղվել այդ գործունեությամբ»,- նշեց Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սպանդանոց կառուցելու պայմանն այն է, որ այդ կառույցը լինի Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից և կառավարության կողմից հաստատված կանոններին համապատասխան:

Անձը այս ծրագրերից օգտվելու համար նախ պետք է դիմի Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ ներկայացնելով հողի սեփականության վկայականը, հետո պետք է դիմի Էկոնոմիկայի նախարարություն՝ հայտ ներկայացնելով, որ ուզում է օգտվել ծրագրերից: Նախարարությունը տալու է վարկային բաղադրիչից օգտվելու թույլտվություն, ինչը նշանակում է, որ երբ սկսվի ֆինանսավորումը, կառավարությունը 11 տոկոս տոկոսադրույքով վարկի 7 տոկոսը սուբսիդավորելու է: Եթե անձն ունի բոլոր փաստաթղթերը, և իր վարկունակությունը բավարար է, ոչ մի խնդիր չի լինի վարկավորման համար:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ այդ նպատակով 2 մլրդ դրամ գումար կա նախատեսված, խնդիր չի լինի: