Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկկողմանի փոխզիջման են գնալու․ ոսկեպարցի. Factor

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տարածք չի հանձնվելու, այլ երկկողմանի փոխզիջման են գնալու, Factor.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակիչ Միհրան Մախսուդյանը։

«Բերքաբերի հողերը, որոնք այժմ իրենց վերահսկողության տակ են գտնվում, պետք է այստեղ գտնվող իրենցի հետ փոխանակվեն։ Ժողովուրդը փոխանակման եղանակին համաձայն է։ Ժողովուրդը համաձայն են նաև, որ գետից այս կողմ թուրքը չգա։ Վարչապետն ասաց, որ դեռ բանակցություններ են գնում, փորձելու է ժողովրդի պահանջը կատարել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ Միհրան Մախսուդյանը նաև տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, ինչին Ոսկեպարի բնակիչները դեմ են արտահայտվել։

«Ասել ենք՝ դեմ ենք այլընտրանքային ճանապարհին։ Եթե այլընտրանքային ճանապարհ է սարքում, ուրեմն, իր առաջին քայլին է գնում, այսինքն՝ այդ եռանկյունի կոչվածը տալիս ենք իրենց, դա զիջում է։ Ժողովուրդը դեմ գտնվեց»,- ասաց նա։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր մեկնել է Տավուշի մարզ՝ հանդիպելու Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի բնակիչներ հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Ոսկեպար։ Վարչապետը հանդիպում էր ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել էր 4 գյուղերի հանձնման մասին ադրբեջանական կողմի պահանջը․ խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի մասին է, որոնք այս պահին բնակեցված չեն։ Փաշինյանը տավուշցիներին ասել էր, որ եթե ՀՀ-ն այդ բնակավայրերը չվերադարձնի, պատերազմ է սկսվելու։ Նա հարակից բնակավայրերի բնակիչներին խոստացել էր, որ կրկին կհանդիպի նրանց հետ։

Մարտի 12-ին տեղի ունեցած ասուլիսում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը ՀՀ տարածքի մեջ չեն մտնում։

«Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ՀՀ տարածքում, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլև դրանից հետո: Այն պատկերը, որ ցուցադրեցի, ՀՀ դե յուրե ամրագրված տարածքն է»,- հայտարարել էր Փաշինյանը։