Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. ՔԿ

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ 

«Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։ 

Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին։ 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։ 

Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։