Բացառում եմ, որ Ալիևը հավատարիմ մնա 1976 թվականի քարտեզով ողջ սահմանազատումն ու սահմանագծումն անցկացնելու գործընթացին. Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ արձանագրություն են ստորագրել սահմանազատման ու սահմանագծման համատեղ աշխատանքային խմբի համատեքստում։ Գործադիրի այսօրվա նիստում Փաշինյանը դա որակեց մեծ հաջողություն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ Ադրբեջանը պատրաստակամ է շարունակել այս գործընթացը նույն տրամաբանությամբ։ Ընդդիմությունն էլ ասում է, որ այս իշխանությունը հերթական անգամ ժողովրդի թիկունքում «հայրենիքի մի կտորը ևս հանձնեց Ադրբեջանին»։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ 

– Ավելին ասեմ, բացի այն, որ դա հաջողություն, ձեռքբերում, հաղթանակ է որակվում, վերնախավում մեկը մյուսին շնորհավորում են, բայց այստեղ կա մի հստակ իրավիճակ. եթե նույնիսկ ֆիքսվել է, որ ամսի 15-ի դրությամբ պետք է ավարտված լիներ աշխատանքը, ու թեև, ինչպես նշեցիք, արձանագրությունը եղել է, այդուհանդերձ ֆիքսվում է, որ Կիրանցի երեք կոորդինատներ տեղորոշվել են համակարգչային եղանակով, բայց դեռևս սյուները չեն տեղադրվել: 

Ենթադրելի է, որ ինչ-որ վիճելի տարածք է, կամ կտեղադրվեն ավելի ուշ՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Երբ վարչապետի աշխատակազմն ասում է՝մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարվա ընթացքում անհասանելի են եղել Կիրանցի բնակիչների համար, հիմա վերադարձվում են, արդյոք դա այդպե՞ս է։ 

Ըստ իս՝ ֆիքսվել է միայն այն, որ այն, ինչ տեղի է ունեցել ու կոչվել է սահմանազատում ու սահմանագծում, 1976 թվականի քարտեզով է, ու լավագույն դեպքում հույս է հայտնվում, որ Ադրբեջանը կշարունակի իր մասով համաձայնությունը տալ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրականացնել աշխատանքները նույն այդ քարտեզով: 

Բայց փաստն այն է, որ գիշերը Տավուշից նոր տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, ու հստակ չի նշվում, թե քանի՛ հեկտար տարածք է տրվել, խոսվում է միայն Հայաստանին վերադարձված 25 հեկտար տարածքի մասին, այն էլ դեռ հստակ չէ, որովհետև գյուղացիները համակարծիք չեն այդ պնդմանը։ Ու ֆիքսվել է մեկ բան, որ, ըստ վարչապետի, սահմանապահ զորքերն այնտեղ իրականացնում են իրենց ծառայությունը։

– Բայց մինչ այս հստակ քարտեզ չէր նշվում, չէ՞, որի հիման վրա պետք է տեղի ունենար այդ գործընթացը։

– Մինչև վերջին պահը, եթե ժամանակագրական տեսանկյունից նայենք, պրոցեսի մեկնարկից տասը օր հետո նոր հայտարարվեց, որ կոնկրետ տավուշյան այդ 20-30 կմ հատվածի համար նախատեսվել ու ձեռք է բերվել համաձայնություն 76 թվականի քարտեզով։ Այստեղ ևս մեկ հարց է ինձ հուզում. ի՞նչ հիմքով է կոնկրետ որոշվել 76 թվականը, երբ մինչ այդ կոնկրետ ոչ մի քարտեզի առնչությամբ չկար ոչ մի համաձայնություն, ու երկրորդը՝ ենթադրենք, որ հենց այդ թվականի քարտեզի վրա ֆիքսվում ենք, 76 թվականով, ես ձեզ վստահեցնում եմ, ով գիտի քարտեզագրություն և հասկանում է այդ քարտեզի բովանդակությունից, այլ վայրերում Ադրբեջանի իշխանություններն ավելի մեծ տարածքներ են մեզ հանձնելու՝ դեռևս իրենց վերահսկողության տակ մնացած։ Ուզում եմ հասկանալ, արդյոք նույն ոգով շարունակվելո՞ւ են այդ աշխատանքները, ինձ համար այս պահին ամենակարևորը դա է։ 

– Այսինքն՝ ձեր գնահատմամբ՝ այս քարտեզը ձեռնտո՞ւ է հայկական կողմի համար, եթե Ադրբեջանը հավատարիմ մնա դրան։

– Եթե հավատարիմ մնա, ես ձեզ վստահեցնում եմ, որ գրեթե բոլոր քարտեզները՝ 26 թվականի քարտեզ, 39 թվականինը, 64-ինը, այո՛, 76 թվականինը, նույնիսկ դրանից հետոյի քարտեզները մեզ ձեռնտու են, անգամ ավելին ասեմ՝ այդ բոլոր քարտեզների մեջ «անկլավային» տրամաբանություն չկա, որը լինելու է Ադրբեջանի հաջորդ պահանջը։ Թե հիմա Ալիևը ի՞նչ քարտեզներով փաթեթավորված է դա ներկայացնելու, հարցի մյուս կողմն է։

– Հաշվի առնելով վերջին տարիներին Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ լիահո՞ւյս եք, որ Ադրբեջանը հավատարիմ է մնալու 1976 թվականի քարտեզով ողջ սահմանազատումն ու սահմանագծումն անցկացնելու գործընթացին, պարո՛ն Կարապետյան։

– Բացառում եմ, որովհետև Ալիևը շատ հստակ ու անկեղծ ասում է, որ ինքն է այդտեղ թելադրում քաղաքականությունը, իրենց պահանջները պետք է բավարարվեն, ու իրենք ունեն դրա իրավունքը։ Լավ գիտենք նաև մեր գործող իշխանության գործելաոճը, հետևաբար չզարմանաք, որ հաջորդիվ, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածների վերաբերյալ կորզեն համաձայնություն՝ այլ քարտեզներով իրականացնել գործընթացը։ 

– Ինչո՞ւ գործող իշխանությունը այս գործընթացն առավել թափանցիկ չի անցկացնում, ինչո՞ւ է հանրությունը միայն վերջում, երբ ամեն ինչ արդեն որոշված ու ամրագրված է լինում, նոր իմանում այդ մասին։

– Որովհետև նրանք տեսել են, որ համաժողովրդական ցասում ու ընդվզում է հասունանում, ինչպես հիմա մայրաքաղաքի փողոցներում է, հետևաբար նրանք հասկացել են, որ խնդրահարույց է այդ ամենը, ու փորձում են մաքսիմալ գաղտնի իրականացնել այդ ամենը, հետո՝ որպես հաջողություն, ձեռքբերում ներկայացնել դա ու «վաստակել» ժողովրդի վստահությունն ու աջակցությունը։ 

Ցանկացած քաղաքացու համար հասանելի չէ՝ գնալ ու տեղում ճշտել, թե արդյոք իշխանությունների վարած քաղաքականության ու համաձայնության արդյունքում իրոք շահավե՞տ իրավիճակ է ստեղծվել մեզ համար, թե՞ ոչ։ Բայց միշտ պաշտոնապես հայտարարվում է աննախադեպ հաջողության մասին։ 

Ես վստահ եմ, որ Գեղարքունիքի որոշակի վիճահարույց հատվածներ՝ Արտանիշ, Շորժա, Վահան գյուղ ու Վարդենիսի շրջանում ևս, կատարվում են նախնական աշխատանքներ, որոնց մասին նույնիսկ լրատվամիջոցները տեղյակ չեն կամ թերի են տեղյակ, բայց այնտեղ պրոցեսներ ընթանում են՝ ելնելով Կիրանցի դառը փորձից՝ փորձում են խուսանավել խնդիրներից։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am