Քննչական կոմիտեն ավարտել է սպանության և սպանության փորձի վարույթով նախաքննությունը 3 անձի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու և նրա 47-ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37–ամյա բնակիչ Ա․Ե․–ն, գումարային հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, զանգահարել է 38–ամյա վերոնշյալ տղամարդուն, ովքեր պայմանավորվել են հանդիպել վերջինիս ընկերոջ կողմից վարձակալած, Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցում գտնվող գրասենյակում:

Նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ա․Ե․–ն, մի խումբ անձանց հետ, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է նշված գրասենյակ, որտեղ հանդիպել են Երևանի 38–ամյա բնակչին և նրա  կողմնակիցներին։

Հիշյալ հարցի քննարկման ընթացքում, 38–ամյա տղամարդու կողմից Ա․Ե․–ին հասցեագրված արտահայտության պատճառով,  վերջինս և նրա ընկերները , սեփական անձի առավելությունն ու գերակայությունը ընդգծելու մղումներով, նպատակադրվել են ապօրինաբար կյանքից զրկել 38–ամյա տղամարդուն և նրա 47–ամյա ընկերոջը։

Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա տղամարդու ուղղությամբ, Ա․Ե․–ի կողմնակիցները սուր ծակող-կտրող առարկայով, գրասենյակի պատին կախված ժամացույցով, ինչպես նաև իրենց մոտ առկա ատրճանակի բռնակով և ձեռքերով հարվածներ են հասցրել 38–ամյա տղամարդու և նրա 47–ամյա ընկերոջ գլխին և մարմնի տարբեր մասերին:

Ա․Ե․–ի և նրա կողմնակիցների հանցավոր գործողությունների հետևանքով 47–ամյա տղամարդուն պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, վերջինս մի քանի օր անց՝ մայիսի 18–ին, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է, իսկ 38–ամյա տղամարդու սպանությունը, իրենց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նշված հանցավոր գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել հիշյալ տուժողների կողմնակիցներից ևս երկուսը»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ենթադրյալ հանցագործությունը կատարած նշված 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և հայտարարվել է հետախուզում։

2023թ․ սեպտեմբերին հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներից մեկը հայտնաբերվել է, երկուսն ինքնակամ ներկայացել են քննչական մարմին։

Հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ կետերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նշվում է, որ հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Մյուս մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է։