Ախթալա համայնքի տարածքում գետը փոխել է հունը, ու կարիք է լինելու կա՛մ այդ նոր հունն ամրացնել, կա՛մ այն վերադարձնել նախկին հուն. Քարտեզագիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը

– Պարո՛ն Շահինյան, Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով արդեն ունենք հաստատված չորս զոհ, մի շարք փակ ճանապարհներ, այդ թվում ՝միջպետական։ Որպեսզի ընթերցողների համար առավել պարզ լինի իրավիճակը, կխնդրեմ ասեք, թե ո՞ր հատվածները կապող ճանապարհներն են աղետի հետևանքով անանցանելի դարձել։

– Ներկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից, իսկ տեղումների հետևանքով վարարել են Դեբեդ և Աղստև գետերն իրենց վտակներով, որոնք անցնում են Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերով։ 

Աղետի հետևանքով տուժել են Ալավերդի քաղաքը, Ախթալան, Թումանյան համայնքը, Մ6 միջպետական ճանապարհը ըստ էության վնասվել է մի քանի վայրերում՝ սկսած Թումանյանի հատվածից մինչև Բագրատաշենի հատված։ Ունեմ տեղեկություններ, որ խոշոր վնաս են կրել Ալավերդին ու հարակից խոշոր գյուղերը, իսկ Տավուշի մարզում վնասվել է Մ4 միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածը։ 

– Շրջափակման մեջ հայտնված համայնքների մասին էր խոսվում, որո՞նք են այդ համայնքները։

– Քանի որ հատվածը լեռնային է, ու լանջերը հիմնականում անտառապատ են, բնակավայրերը հիմնական քաղաքների ու մայրուղիների հետ ունենում են մեկ հիմնական ու մի քանի դաշտային՝ սարերի ճանապարհ, ինչպես իրենք են կոչում։ Մի քանի բնակավայրեր կային, որոնք կամուրջների փլուզման ու ջրհեղեղի հետևանքով, այո՛, կտրվել էին իրենց համայնքի կենտրոնից։ Քանի որ Մ6 միջպետական ճանապարհը հատված-հատված ամբողջական քանդված է, այսինքն՝ ոչ թե մեկ երթևեկելի գիծն է վնասվել, այլ՝ ամբողջական, այդ ճանապարհն այս պահին անօգտագործելի է, ու որպես այլընտրանք առաջարկվում էր Մ3-ը, որը Վանաձորից հետո թեքվում է Ստեփանավան, Տաշիր, ապա գնում է Գոգավան անցակետ:  

Որքանով ես եմ տեղյակ, Մ4-ը՝ Դիլիջան-Իջևանը,  նույնպես անցանելի է, այնտեղ մի հատված է փլուզվել, իհարկե պաշտոնական տեղեկատվությամբ՝ այդ ճանապարհն էլ չէր առաջարկվում օգտագործել որպես Վրաստանի հետ սահման հասնելու այլընտրանք։ Այս պահին, ըստ պաշտոնական տեղեկությունների, խորհուրդ չի տրվում օգտագործել Մ6 ու Մ4 միջպետական ճանապարհները, ու դրան իբրև այլընտրանք առաջարկում են Մ3-ը Տաշիրով ու Մ1-ը՝ Գյումրիով։

– Պարո՛ն Շահինյան, իսկ այս ճանապարհների վերակառուցումը երկա՞ր ժամանակ է պահանջելու։

– Միանշանակ բավականին ժամանակ է պահանջվելու։ Տեղացիները լավ գիտեն, որ Դեբեդը պարբերաբար նմանատիպ վարարումներ ունենում է, իհարկե ոչ այս ծավալների, բայց առնվազն վերջին 30 տարում մենք Մ6-ի ողողման դեպքեր պարբերաբար ունեցել ենք: 

Առաջին հերթին պետք է ջրի մակարդակը փոքր-ինչ իջնի, որպեսզի կարողանան տեղում աշխատանքներ իրականացնել ու վթարավերականգնողական աշխատանքներ կատարել։ Իմ գնահատականով՝ այստեղ առավել կարևոր է, որ առաջնային վերականգնվեն այդ բնակավայրերի էներգամատակարարումը, ջրամատակարարումը, քանի որ հեղեղումների հետևանքով ունենք նաև վնասված կոմունիկացիաներ, ու կարևոր է, որ առաջնահերթ տեղի բնակչությունն ապահովվի էլեկտրաէներգիայով ու խմելու ջրով, հետո նոր միջպետական ճանապարհների վերանորոգումը սկսվի։ 

Էլի եմ ասում, որ այդ ամենի համար հարկավոր է, որ ջրի մակարդակը փոքր-ինչ իջնի, ու ջրի հոսքը դանդաղի: Իմ ունեցած տեղեկություններով, քանի որ տեղումները դադարել են, արդեն իսկ այդ աշխատանքները կատարվում են։ Կարծում եմ, ճանապարհի նախնական վերականգնումն օրերի հարց է, իսկ վերջնական վերականգնումը կարող է ամիսներ տևել, քանի որ պետք է զրոյից հենապատեր կառուցվեն, գետի հունը մաքրվի։ 

Ախթալա համայնքի տարածքում գետը փոխել է հունը, ու կարիք է լինելու կա՛մ այդ նոր հունն ամրացնել, կա՛մ այն վերադարձնել նախկին հուն։ Այս հենապատերի կառուցման աշխատանքները բավականին թանկարժեք ու ժամանակատար են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am