Եկեղեցու դեմ որևէ կամայական ոտնձգություն համարում եմ անթույլատրելի ու ծայրահեղ վտանգավոր. Վարդան Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրոնագետ, փիլիսոփա, սոցիոլոգ Վարդան Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպը Սարդարապատում ու դրան հետևած մեկնաբանություններն ու պարզաբանումները ինչպե՞ս եք գնահատում։

– Ես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դեմ որևէ կամայական ոտնձգությանը, կլինի դա իշխանության, մասնավոր անձանց կողմից, թե անգամ Եկեղեցու իսկ ներսից, համարում եմ անթույլատրելի ու ծայրահեղ վտանգավոր հայ ժողովրդի համար, որովհետև Եկեղեցին ներկայացնում է աշխարհասփյուռ հայ ժողովրդին, իսկ կամայական ոտնձգություն իրականացնողը համեմատաբար սահմանափակ հայկական միջավայրի հետևանք է։ 

– Նիկոլ Փաշինյանն օրերս ասել է, որ «եթե Եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, և այդ տեղը կապ չունի ՀՀ Կառավարության և կառավարող մեծամասնության հետ»։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների միջև ակնհայտ լարվածությունը, այս հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին միշտ գտնվում է տարաբնույթ ուժերի թիրախում, կլինեն իսլամական պետություններ, կլինեն եվրոպական պետություններ, Հայ Եկեղեցին ունի ինչ-որ տարընթերցումներ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ու ընդհանրապես ուղղափառության հետ, այնպես որ, այսպես ասենք, համաշխարհային ցանց հանդիսացող Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ունի այդպիսի հնարավոր ագրեսիայի, հակազդեցության ենթարկվելու վտանգներ, որի ուղղվածությունն այդ առումով հանդիսանում է Հայաստանյայց Եկեղեցու գլուխը, այսինքն՝ Ամենայն Հայոց Վեհափառը: 

Շատ պարզ պատկերացնելի է, որ Եկեղեցին հիերարխիական կառույց է, ու նրա գագաթով է պայմանավորված Եկեղեցու գործունեության ողջ սպեկտրը, այդ իսկ պատճառով գլխավոր թիրախը Վեհափառ Հայրապետն է, ինչից ելնելով ես միշտ կողմ եմ եղել, որ Վեհափառ Հայրապետը դուրս լինի կամայական հակամարտությունից ու ունենա դատավորի կարգավիճակ։ 

– Պարո՛ն Խաչատրյան, ձեր գնահատմամբ՝ հիմա Եկեղեցին իսկապե՞ս զբաղվում է քաղաքականությամբ, ինչպես ասում են։

– Առաջին հերթին քաղաքականությունից դուրս ոչինչ չկա, այդ անվիճելի տեսակետն աշխարհին է հանձնել նաև այաթոլահ Խոմեյնին՝ 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության և դեմոկրատական պետության հիմնադիրը, հայտարարելով, որ իսլամում ոչինչ քաղաքականությունից դուրս չկա, ու ամեն ինչ քաղաքականություն է իսլամում։ 

Իսկապես քաղաքականությունից դուրս ոչինչ չկա, ու պատկերացնել, որ քաղաքականությունից դուրս գտնվելով՝ կարող ենք որևէ բան անել, որ քաղաքականությունը չհետաքրքրի դրան, առավելևս՝ քաղաքականությունը չշոշափի նրա շահերը, այդպիսի բան ուղղակի չի կարող լինել։

– Արդյոք Եկեղեցին իրավունք ունի՞ առաջնորդել իր հոտին այս կամ այն իրավիճակում:

– Իսկ ինչո՞ւ պետք է իրավունք չունենա, երբ մեզանում տեղի էր ունենում մեծ անցում խորհրդային իշխանությունից անկախ հայոց պետականության ձևավորման հետ կապված։ Կային և՛ Եկեղեցու ներկայացուցիչներ, որոնք գտնվում էին օրենսդիր մարմնում, և՛ Եկեղեցին հսկայական առաքելություն էր իր վրա վերցնում, փորձում իրականացնել, ինչ-որ չափով ի կատար էր ածում, ինչ-որ չափով՝ ոչ։ Բոլորս այդ ժամանակներում սխալվում էինք, հավատում, հիասթափվում և այլն, ու այդ ամենի մեջ գոյություն ուներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին՝ որպես հայոց հոտի գլխավոր միջնորդ Աստծո հետ հարաբերություններում։

– Իսկ հիմա ինչո՞ւ է Եկեղեցու այդ քայլն այսպես քննադատվում ու բուռն ընկալվում։

– Քաղաքականությունը միշտ էլ ունի սեփական շահերը սպասարկող փաստարկներ, ու այն ամենը, ինչը սպասարկում է սեփական շահերը, նա կիրառում է։ Այո՛, աշխարհով մեկ տարածված է, որ եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից ու պետությունը՝ եկեղեցուց, բայց դա ուտոպիա է, հավատացնում եմ ձեզ, որովհետև քաղաքականությունն ընդգրկում է հասարակությունների մեջ գոյություն ունեցող ամեն ինչ։ 

Բոլորը տեսան, որ երկար ժամանակ մենք փորձում էինք պնդել, որ պետք է լինի տնտեսագիտություն ու ոչ թե քաղաքատնտեսություն, ինչպես մարքսիստներն էին անվանում, ու հիմա մենք պարզ տեսանք, թե ինչպես տնտեսական շահն ուղղակի զոհաբերեցին քաղաքական նպատակի համար։ Այսինքն՝ քաղաքական իշխանությունը ուղղակի կանչում էր տնտեսական շահերի ներկայացուցիչներին ու ասում էր, որ այստեղ պետք է այսպես արվի ձեր իսկ շահերին դեմ, ու սուսուփուս անում էին: Տեսանք, չէ՞, որ վերջին հաշվով դա քաղաքատնտեսություն էր, ոչ թե տնտեսագիտություն։

– Եկեղեցի-իշխանություն այս լարվածությունը առաջիկայում խորանալո՞ւ է, թե՞ ոչ, ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը։

– Կանխատեսումներ չեմ անում, որովհետև դա, իմ կարծիքով, անշնորհակալ գործ է, այնուամենայնիվ պետք է հայոց իշխանությունը ու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին գան ընդհանուր հայտարարի: Կլինի այս իշխանությունը թե հաջորդ, Եկեղեցին թատերաբեմը չի լքելու, ու նրա հնարավորությունները միշտ լինելու են մեծ ու որոշ դեպքերում գերազանցելու են հայոց պետականության հնարավորություններին։ Այնպես որ, այդ երկու ուժերի փոխադարձ ըմբռնումը՝ հասարակության մեջ յուրաքանչյուրի դիրքորոշման մասին, կարող է բերել դրականն ու միայն դրականը մեր ժողովրդին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am