Քիմ Քարդաշյանը տարածել է Զելենսկու հին լուսանկարը․ FIP.am

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը փետրվարի 27-ին Ինստագրամի սթորիների բաժնում հրապարակել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լուսանկարը՝ գրելով, որ նախագահը զինվորական համազգեստ է հագել պաշտպանելու իր հայրենիքը:

Քարդաշյանը հավելել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է տարհանել նրան, սակայն Ուկրաինայի նախագահը պատասխանել է, որ իրեն պետք չէ տարհանել. Իրեն փամփուշտ է պետք:

Զելենսկու՝ համազգեստով լուսանկարները տարածում էին բազմաթիվ այլ օգտատերեր՝ նշելով, որ նա անձնապես մասնակցում է ռազմական գործողություններին: 

Իրականում, նկարը հին է: 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Զելենսկին այցելել էր Դոնեցկի հետ շփման գծին մոտ մարտական դիրքեր՝ հանդիպելու ուկրաինացի զինծառայողներին:

Երկրորդ նկարն արվել էր 2021 թվականի ապրիլին՝ Զելենսկու Դոնբաս այցի ընթացքում:

Այդուհանդերձ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին փետրվարի 24-ին Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից հետո մնացել է մայրաքաղաքում և պարբերաբար ուղիղ եթերների միջոցով ուղերձներ է փոխանցում իր համաքաղաքացիներին։ 

Փաստերի ստուգման հարթակ