Եթե քաղաքացին չի զգում ոստիկանի գործելաոճի մեջ այդ բարեփոխումը, ուրեմն սին արտահայտություններ են. Զառա Հովհաննիսյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խաղաղ անհնազանդության գործողությունները շարունակվում են, ու այս օրերին հաճախ են հնչում դժգոհություններ և՛ ցուցարարների, և՛ ոստիկանների կողմից, որ իրենց իրավունքները խախտվում են։ Իրավունքների ոտնահարման համատեքստում կխնդրեմ ձեր գնահատականը ընթացող դեպքերի վերաբերյալ։

– Առաջին հերթին խոսենք այն մասին, թե ինչպիսի ծառայություն պետք է իրականացնի ոստիկանությունը հավաքների ընթացքում: Հավաքների ազատությունը իրավունք է, որն ամրագրված է թե՛ միջազգային օրենսդրությամբ և թե՛ ՀՀ Սահմանադրությամբ ու այլ օրենքներով, ուստի հավաքների ազատության իրավունքն այն իրավունքն է, որն ամրակցված է բոլոր օրենսդրական ակտերով, ու հնարավորություն է տրված ՀՀ քաղաքացիներին՝ որպես ժողովրդավարական պետություն, իրենց բողոքը, իրենց ցանկացած հուզող հարց բարձրացնել հանրային դաշտում, այդ թվում՝ նաև փողոցում։

Ուստի այդ խնդրի ու ծառայության շրջանակներում ոստիկանությունը պետք է լինի առաջին հերթին իր օրինական գործառույթների շրջանակներում, բացարձակ զուսպ ու օրինապահ և քաղաքացիների նկատմամբ հարգանքով լցված։ Առաջին հերթին ես՝ որպես իրավապաշտպան, դիտարկում եմ ոստիկանությանը որպես նմանատիպ հավաքների ժամանակ ծառայություն իրականացնող կառույց, որովհետև մենք գործ ունենք տարբեր որակի քաղաքացիների հետ: Նրանք կարող են լինել իրավագրագետ, բարձր արժեքներով, քաղաքացիական գիտակցությամբ լեցուն ու կարող են լինել ճիշտ հակառակը։ Հետևաբար առաջին հերթին պետք է ոստիկանությունից պահանջել լինել իրենց գործառույթների շրջանակներում, հարգանք դրսևորել մարդու իրավունքների ու արժանապատվության նկատմամբ ու որևէ սադրանքի չգնալ։ 

Ես ցուցարարներից չեմ կարող ոչինչ պահանջել, որովհետև նրանք ո՛չ կրթվում են Ոստիկանության ակադեմիայում, ո՛չ ստանում են համապատասխան գիտելիքներ՝ ինչպես վարվել հավաքների կամ ցանկացած տիպի ակցիաների ժամանակ ու ո՛չ էլ հանրային միջոցներից ստանում են աշխատավարձ՝ ծառայելու հանրային շահին։ 

Փաստացի, հիմնական պահանջը ոստիկանությունից է, ու նրանց պատշաճ որակը կարող է աստիճանաբար նաև թելադրել քաղաքացու այլ տիպի վարք: Բայց երբ ես տեսնում եմ, որ ոստիկանն իջնում է այն որակի, որ նույնիսկ դժվարանում ես պատկերացնել, որ նա ուսադիր կրող անձ է, այլևս չես էլ կարող պատշաճ վարքագիծ պահանջել քաղաքացուց, որովհետև դա հայելային անդրադարձ է։ 

Մյուս կողմից՝ քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց խոսույթը, վարվեցողությունը, մոտեցումը, քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքը, սկսած Հայաստանի երկրորդ դեմքի թքելու ակցիայից, վերջացրած բարձր ամբիոններից տարբեր տիպի անհարգալից արտահայտություններով, քաղաքացիներին տալիս են իրենց անվայել պահելու, անպատշաճ արտահայտություններ անելու համար որոշակի սանդղակ, ինչն իհարկե ազդում է համընդհանուր որակի վրա։ 

– Այսինքն՝ ոստիկաններն անգամ ցուցարարների հետ այդ լեզվակռիվների մե՞ջ չպետք է մտնեն, որ հաճախ հանդիպելի երևույթ է դարձել։

– Հայհոյանքները, ինչո՞ւ լեզվակռիվները, սարսափելի հայհոյանքներն ուղիղ եթերում, մենք տեսնում ենք այդ ամենն ու չենք էլ պատկերացնում, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչը իրավունք ունի ընդհանրապես նման խոսույթով հանդես գալ, դա անընդունելի է, բացարձակ անընդունելի է։

– Անընդունելի է անգամ այն պարագայում, երբ, ինչպես իրենք են ասում՝ ցուցարարները սադրո՞ւմ են ոստիկանին։

– Էլի եմ ասում, քաղաքացին և ոստիկանը հավասար չեն, ոստիկանն այն անձն է, որը պետք է բարձրացնի քաղաքացուն օրենքի մակարդակին, նա հենց այն անձն է, որն անմիջականորեն 24 ժամ աշխատում է քաղաքացու հետ, դա այն կառույցն է, որը կանխարգելում է բռնությունները, հնարավորություն է տալիս առաջին ձեռքից օրենքի հետ շփվել։ Այդ կառույցը պետք է լինի ամենաօրինապահն ու օրինակելին ու որոշակի չափանիշ թելադրի այդ առումներով։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, գալով իրավունքների խախտմանը…

– Իրավունքները հավասար չեն նախ, բացարձակ հավասար չեն ոստիկանն ու քաղաքացին։ Առաջին հերթին ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները, որովհետև ոստիկանն այն անձն է, որ իրավունք պետք է պաշտպանի ու իրավունքի դիրքից խոսի քաղաքացու հետ, իսկ նա խոսում է հայհոյանքի դիրքից։ 

Ինչ վերաբերում է քաղաքացիների կողմից հակադարձ թիրախավորումներին և այլն, ապա դա եկավ 2018-ի պրակտիկաներից, հիշում ենք ընտանիքների, անձնական տարածքների բոլոր տիպի թիրախավորումները։ Դա շատ վատ նախադեպ էր, ու այսօր այդ նախադեպը շարունակվում է, ինչը որևէ արդարացում չունի: Այդ պրակտիկաները նույն այդ հեղափոխության կողմից բացարձակորեն չդատապարտվեցին, ինչը ես սպասում էի, որ կարվեր, որովհետև դա իրավունքի ոտնահարում է։ 

– Հիմա, երբ նույն իշխանության կողմից ոստիկանության նմանատիպ վարքը չի դատապարտվում, մի բան էլ այդ ծառայության համար նրանք շնորհակալություն են հայտնում ոստիկաններին, սա ինչի՞ մասին է խոսում, որ իշխանությունը ըստ էության սատարո՞ւմ է ոստիկանի նման վարքը։

– Խոսում է այն մասին, որ նախկին պրակտիկաներն արդիական են, որ դրանք որևէ կերպ ոչ նախկինում դատապարտվեցին, ոչ էլ հիմա են դատապարտվում, նման կերպ գործող մարդիկ շարունակում են մնալ համակարգում։ Նոր վարչախումբը շատ հանգիստ վերցրեց նախկին գործիքներն ու ուղղակի նույն համակարգերը սկսեց ծառայեցնել իր օգտին։

– Բայց շարունակ խոսում են, թե համակարգում աննախադեպ՝ իրենց խոսքն է, բարեփոխումներ են տեղի ունեցել ու ունենում։

– Բարեփոխումները երևում են այն ժամանակ, երբ տեղի է ունենում մարտահրավերային իրավիճակ, բարեփոխումներն ամորֆ երևույթներ չեն, դրանք փորձարկումներ են անցնում լարված իրավիճակներում։ Եթե փողոցում կանգնած քաղաքացին իր մաշկի վրա չի զգում ոստիկանի վարքագծի, գործելաոճի մեջ այդ բարեփոխումը, ուրեմն այդ բարեփոխումներն ուղղակի սին արտահայտություններ են։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ձեր խոսքում ասացիք, որ ոստիկանության համակարգում միշտ այս պատկերն է եղել, այ ինչո՞ւ տարիներ շարունակ չի հաջողվել փոխել համակարգը, չկա՞ դա անելու իսկական ցանկություն, թե՞, այնուամենայնիվ, օբյեկտիվ պատճառներով չի ստացվում դա անել։

– Ցանկությունը քաղաքական կամքն է, որի շրջանակներում իշխանությունը, օրինակ՝ պետք է ոստիկանությունից պահանջեր լարված իրավիճակներում պատշաճ ծառայություն, բայց մենք տեսնում ենք, որ այն տեսարանները՝ սկսած Եռաբլուրում զոհվածների ծնողներին քարշ տալուց մինչև այսօրվա իրավիճակները, որևէ անձ, որը կատարում է նման բռնարարքներ կամ տալիս է նման հրաման, դեռևս որևէ պատժամիջոցի չի ենթարկվել: Եթե քրեական գործ էլ հարուցվում է, այդ ամենը ձգձգվում է, այսինքն՝ դա ձևական բնույթն ապահովելու համար է արվում։ Փաստացի չունենք որևէ դեպքով ոստիկանների նկատմամբ պատասխանատվության դրական օրինակ, որը կարող է կասեցնել ու ցույց տալ, որ կա համակարգը բարեփոխելու քաղաքական կամք։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am