Artur brothers կամ «շատ հետաքրքիր հայորդիներ»․ եղբայրների պատմությունը՝ Քենիայից մինչև Հայաստան. Civilnet

Հունիսի 3-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բեմահարթակից ներկայացրեց, իր խոսքով, «շատ հետաքրքիր հայորդիներ» Artur brothers-ին՝ Արտակին և Արթուրին։Այս մասին հայտնում է Civilnet.am-ը:

«Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները՝ Քենիայից։ Շատ հետաքրքիր հայորդիներ են, սրտով նվիրված, կյանքով։ Արտակը հինգ զավակ ունի, Արթուրը՝ ութ»,- նշեց սրբազանը։ Գալստանյանը շատ չխոսեց եղբայրների մասին։ CivilNetCheck-ը փորձեց պարզել, թե ինչով են հայտնի այս «հետաքրքիր հայորդիները»։

Եղբայրները բավականին հայտնի են, սակայն, սկանդալային պատմություններով Քենիայում և Մալդիվներում։ Հունիսի 3-ին բեմ էին բարձրացել նրանցից Արթուր ու Արտակ Սարգսյանները։ «Արթուր եղբայրները», սակայն, վեցն են, նրանցից ամենահայտնիները Արթուր Մարգարյանն ու Արթուր Սարգսյանն են։ Հենց նրանց պատվին են եղբայրները ստացել «Artur brothers» մականունը։

Քենիայից՝ Մալդիվներ ու Երևան․ եղբայրների ստվերային պատմությունը

2005-ի դեկտեմբերին հայկական արմատներով երկու եղբայրներ՝ Արթուր Մարգարյանն ու Արթուր Սարգսյանը, ժամանել են Քենիա՝ առաջին հայացքից անհասկանալի ծրագրով։ Նրանք ներկայանում էին որպես հեռանկարային ներդրողներ, ունեին կապեր Քենիայի կառավարության հետ, մասնավորապես, ոստիկանության։ Այդ ժամանակ երկիրը ղեկավարում էր Մվայի Քիբաքին: Քենիայում ԱՄՆ ներկայացուցիչների զեկույցներից մեկում, որը հրապարակվել է Վիկիլիկսում, նշվում էր. «Ըստ տարածված կարծիքի՝ նրանց երկիր է բերել նախագահի երկրորդ կինը՝ Մարի Վամբուին»։

Մուտք գործելով երկիր՝ նրանք միանգամից ստացել են որոշ արտոնություններ։ Մասնավորապես, նրանց տրամադրվել է աշխատանքի թույլտվություն, ինչպես նաև՝ ոստիկանության պետի օգնականների պաշտոններ, ինչը թույլ է տվել օգտվել պետական մեքեաններից ու այլ արտոնություններից։ Եղբայրները Քենիայում վարում էին ակտիվ կյանք, մշտապես հայտնվում էին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, կազմակերպում խնջույքներ ու թանկարժեք երեկույթներ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում